Գագլոևը հեռացել է Հարավային Օսիայի ղեկավարի պ...

Ալան Գագլոևը վայր է դրել Հարավային Օսիայի ղեկավարի լիազորությունները և անցել աշխատանքի Ռուսաստանի նախագահի աշխատակազմում՝ որպես Վլադիմիր Պուտինի խորհրդական, հաղորդում է ТАСС-ը։

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է, իսկ ավելի վաղ ինքը՝ Գագլոևը հայտնել էր, որ ընդունել է ռուսական պետության ղեկավարի առաջարկը։

Նրա խոսքով՝ տեղափոխման մասին որոշումն ընդունվել է հունիսի 22-ին Պուտինի հետ ունեցած հանդիպումից հետո, որի ընթացքում նրան առաջարկվել է զբաղեցնել ՌԴ նախագահի խորհրդականի պաշտոնը։

Գագլոևը նշել է, որ իր նոր աշխատանքի խնդիրներից մեկը կդառնա Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև դաշնակցային փոխգործակցության խորացման մասին պայմանագրի իրագործմանն անդրադառնալն ու նպաստելը։ Նա հայտնել է նաև, որ ՌԴ նախագահի աշխատակազմում աշխատանքի է անցնում հունիսի 23-ից։

Այդ կապակցությամբ Հարավային Օսիայի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի հանրապետության կառավարության նախագահ Մարատ Կամբոլովը։ Դրա մասին հայտնել են Հարավային Օսիայի նախագահի մամուլի ծառայությունից։

Կամբոլովը 61 տարեկան է, ծնունդով Հյուսիսային Օսիայից է և Ռուսաստանի դաշնային իշխանության մարմիններում աշխատանքի փորձ ունի։ Տարբեր տարիների նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՌԴ կրթության և գիտության նախարարությունում, ՌԴ ազգությունների և դաշնային հարաբերությունների գործերով նախարարությունում, ինչպես նաև 2021-2025 թվականներին գլխավորել է «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնը: Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, Գագլոևը Կամբոլովին նշանակել էր հանրապետության կառավարության նախագահ։

Վլադիմիր Պուտինն ու Ալան Գագլոևը մայիսի 9-ին ստորագրել էին Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև դաշնակցային փոխգործակցության խորացման մասին պայմանագիր։ Փաստաթուղթը նախատեսում է, մասնավորապես, երկու երկրների քաղաքացիների համար նստակեցության ցենզի վերացում՝ նրանց տարածքներում պետական և մունիցիպալ պաշտոններում նշանակվելիս։

Կողմերը պայմանավորվել են նաև միջազգային և պաշտպանական քաղաքականության համաձայնեցման, սոցիալ-տնտեսական համագործակցության, ենթակառուցվածքների զարգացման, աշխատանքի, սոցիալական պաշտպանության և կենսաթոշակային ապահովության ոլորտներում օրենսդրության նույնականացման (ներառյալ աշխատանքային ստաժի փոխադարձ ճանաչումը), ինչպես նաև կադրերի պատրաստման համատեղ ծրագրերի իրականացման շուրջ։