G7-ի երկրները ողջունել են Թեհրանի և Էր Ռիադի...

Մեծ յոթնյակի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ողջունել են Մերձավոր Արևելքի երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին ասված է այսօր նրանց ընդունած համատեղ հայտարարության մեջ:

«Մենք ողջունում ենք երկրների միջև երկկողմ հարաբերությունների բարելավմանը և տարածաշրջանում լարվածության նվազեցմանը նպատակաուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ կապերի վերականգնման շուրջ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը», - մեջբերում է ТАСС-ը հատված փաստաթղթից:

Միևնույն ժամանակ նախարարները հանդես են եկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական ​​կարգավորման օգտին։

«Դիվանագիտական ​​լուծումը մնում է մեզ համար նախընտրելի միջոցը՝ վերացնելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ  միջազգային մտահոգությունները», - ասված է տարածված փաստաթղթում։

G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ «նկատի են առել» Իրանի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը մտադրություն ունի թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) ստուգումներ և մոնիթորինգ իրականացնել, ինչպես նաև մուտք գործել երեք միջուկային օբյեկտներ։

Մարտի 4-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այցելել էր Թեհրան և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ-ի) հետ պայմանավորվել էր փոխգործակցել՝ ելնելով Իրանի իրավունքներից ու պարտականություններից և գործակալության իրավասություններից։

Նույն օրը Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում Գրոսին դրական էր պատասխանել լրագրողների հարցին միջուկային օբյեկտների մոնիթորինգի համար տեսախցիկներ և այլ սարքավորանքներ տեղակայելու՝ Իրանի պատրաստակամության մասին։ Սակայն ԻԱԷԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին IRNA-ին տված մեկնաբանությունում հերքել էր Գրոսիի այդ հայտարարությունը և ընդգծել, որ իրանական միջուկային օբյեկտներում նոր տեսախցիկների տեղակայման հարցը չի քննարկվել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի` Թեհրան կատարած այցի ընթացքում: