Ֆրանսիայում՝ էքստրեմալ շոգի ֆոնին, կրկին ժամանակավորապես դադարեցրել են Թուլուզից ոչ հեռու գտնվող ատոմային էլեկտրակայանի ռեակտորներից մեկի աշխատանքը, հաղորդում է BFMTV-ն:
EDF էներգետիկ ընկերությունը հայտնել է, որ երկրորդ ռեակտորի կանգնեցման պատճառ է դարձել Գարոն գետի ջրի չափազանց բարձր ջերմաստիճանը, որը հասել է 28°C-ի: Ըստ գործող բնապահպանական պահանջների՝ ռեակտորների սառեցման համար օգտագործվող և գետ վերադարձվող ջուրը չպետք է գերազանցի այս ջերմաստիճանը:
Կայանի առաջին ռեակտորը ներկա պահին ևս չի աշխատում. այն մայիսից պլանային տեխնիկական սպասարկման մեջ է:
Նույնանման պատճառով ռեակտորի նախորդ կանգնեցումը տեղի էր ունեցել հունիսի 23-ին՝ այն օրը, որը դարձավ Ֆրանսիայում օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգ օրը:
Միաժամանակ, էլեկտրական ցանցերի բաշխիչ օպերատոր Enedis ընկերությունը նախազգուշացրել է, որ տևական շոգը սպառնում է նաև հնացած ենթակառուցվածքներին: Ամենամեծ ռիսկին ենթակա են մինչև 1981 թվականը տեղադրված ուժային մալուխները: Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ էներգահամակարգի կայունությունը բարձրացնելու համար ընկերությունը մտադիր է մինչև 2040 թվականը ցանցի արդիականացման գործում միլիարդավոր եվրոներ ներդնել:



