Ֆրանսիան դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի զորակազմի վրա նոյեմբերի 19-ին իրականացված հարձակումը, որի ընթացքում հրթիռներ են կիրառվել, ամենայն հավանականությամբ, «Հեզբոլլահ»-ի կողմից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ հարձակման հետևանքով վիրավորվել են ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի զորակազմից 4 գանացի «կապույտ սաղավարտներ», որոնցից երեքը հոսպիտալացվել են: Մի քանի խաղաղապահներ էլ վիրավորվել են վերջին շաբաթների ընթացքում։
«Հենց նույն օրը գնդակոծության է ենթարկվել նաև Ժամանակավոր ուժերի պարեկախումբը, որը բաղկացած էր ֆրանսիացի «կապույտ սաղավարտներից»։ Նրանցից ոչ ոք չի տուժել», - հայտարարել են նախարարությունում։
Ֆրանսիան հիշեցնում է, որ վերջին շաբաթներին մի քանի պարեկներ հայտնվել են նման տարբեր միջադեպերում, և կոչ է արել, որ երաշխավորվի խաղաղապահների անվտանգությունը և ազատ տեղաշարժի հնարավորությունն իրենց պատասխանատվության գոտում։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև հրադադարի և բոլոր կողմերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի կատարման կոչ է արել` նշելով, որ դա միակ ուղին է, որը թույլ կտա իսրայելցի և լիբանանցի տեղահանված անձանց վերադառնալ իրենց տներ:
2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակմանը հաջորդած ռազմական գործողություններին զուգահեռ լիբանանյան «Հեզբոլլահ»-ը և Իսրայելը պարբերաբար փոխադարձ հարվածներ են իրականացրել։ 2024 թ. սեպտեմբերի 23-ին Իսրայելը «Հեզբոլլահ»-ի դեմ սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը Լիբանանի հարավում։