Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը պահանջել են հ...

«Վայմարի եռանկյունու» երկրների (Գերմանիա, Լեհաստան և Ֆրանսիա) ղեկավարները համատեղ հայտարարությամբ պահանջել են օպերատիվ հետաքննել Վրաստանի խորհրդարանական ընտրություններում տեղ գտած ենթադրյալ խախտումները, ինչպես նաև այդ երկրի իշխանություններին կոչ են արել չեղարկել այն օրենքները, որոնք չեն համապատասխանում եվրոպական արժեքներին։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

«Մենք կրկնում ենք մեր մտահոգությունները Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքի առնչությամբ.... մասնավորապես՝ հայտարարված բազմաթիվ խախտումների և ընտրողների ահաբեկումների առնչությամբ, որոնք բացասաբար են ազդել ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահության վրա: Կոչ ենք անում անցկացնել խախտումների մասին բոլոր բողոքների և հաղորդումների արագ և թափանցիկ հետաքննություններ, և մենք հանգամանորեն կուսումնասիրենք միջազգային դիտորդական առաքելության ամփոփիչ հաշվետվությունը, որը մենք ակնկալում ենք սահմանված ժամկետներում», - ասված է հայտարարության մեջ։

Երեք պետությունների ղեկավարները հայտարարել են  Վրաստանի բնակիչների «ժողովրդավարական և եվրոպական ձգտումներին» աջակցելու մասին։ Նրանք բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ներառական երկխոսության, ինչպես նաև երկրում խաղաղ հավաքների ազատությունը պաշտպանելու կոչ են արել։ 

«Վայմարի եռանկյունու» երկրների ղեկավարները նաև հիշեցրել են Եվրոպական խորհրդի հայտարարությունը, որ «Վրաստանը շեղվում է եվրոպական ուղուց»։

«Եթե Վրաստանը չփոխի իր ներկայիս ուղեգիծը և չցուցաբերի բարեփոխումների շոշափելի ջանքեր, մասնավորապես չեղյալ հայտարարելով վերջերս ընդունված օրենքները, որոնք հակասում են եվրոպական արժեքներին և սկզբունքներին, ապա մենք չենք կարողանա աջակցել ԵՄ-ին այս երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին», - ասված է հայտարարության մեջ:

Խորհրդարանական ընտրություններում պաշտոնապես հաղթել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը՝ ստանալով ձայների 53,9 տոկոսը։ Եվս չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են 5 տոկոսի շեմը։ Նրանք բոլորը հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքներն ու մտնել խորհրդարան։ Ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացնում։