
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 29–ի նիստում Երևան քաղաքի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետական ու համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին որոշում կայացրեց։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի գլխավոր հատակագծով նախատեսվում է Ֆիրդուսի թաղամասի վերակառուցման և կառուցապատման աշխատանքներ, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է թաղամասին հարող որոշ տարածքների նկատմամբ (թվով 18 միավոր գույք՝ նախկին «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լոտում և 1 միավոր գույք՝ նախկին «Կարս Քոնսթաքշն» ՍՊԸ-ի լոտում) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ:
Ընդհանուր առմամբ Ֆիրդուս թաղամասում առկա է եղել մոտ 373 օտարման ենթակա գույք, որից «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի կողմից տարածքի սեփականատերերի հետ նախկինում կնքվել էր թվով 202 պայմանագիր:
ՀՀ Կառավարության 22.03.2018թ. թիվ 332-Ն որոշմամբ Տարածքում առկա էր դեռևս չօտարված 171 գույք, որից ներկա պահին առկա է չօտարված 39 գույք, որից 5 միավոր գույքի իրացման անհրաժեշտությունը բացակայում է, 14-ի մասով ընթանում են դատական գործընթացներ, իսկ մնացյալ 20-ի մասով անհրաժեշտ է գերակա շահի նոր որոշում:
«Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լոտում առկա թվով 18 միավոր գույքերի սեփականատերերին ուղարկվել է օտարման պայմանագրերի նախագծերը:
Նշենք, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն Ֆիրդուս թաղամասում նախատեսվում է իրականացնել «Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցում» քաղաքաշինական ծրագիրը:
Ֆիրդուս թաղամասում նախատեսված էր բնակելի և հասարակական կառուցապատման քաղաքաշինական ծրագիրը դեռևս 1924թ. Ալ. Թամանյանի կողմից մշակված Երևանի առաջին գլխավոր հատակագծից և այն պահպանվել է Երևանի հաստատված բոլոր հատակագծերով:
Թամանյանի գլխավոր հատակագիծը արտահայտում էր Հայկական պետության մայրաքաղաքի կառուցման նոր պետական քաղաքականությունը՝ այն էր ազատել քաղաքն արևելյան շուկաներից՝ եվրոպական առաջադեմ քաղաքաշինական սկզբունքների հիման վրա ազգային առանձնահատկությունների սինթեզով՝ ստեղծել ժամանակակից քաղաք՝ ուրույն դիմագծով, զարգացած հասարակական ենթակառուցվածքներով, սպասարկման կենտրոններով: Ֆիրդուս թաղամասը նախատեսվում է որպես բազմահարկ բնակելի գոտի՝ օղակաձև հրապարակով:
Տարածքի նկատմամբ նոր հանրության գերակա շահ սահմանելը հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը և ավարտին հասցնել Ֆիրդուս թաղամասի կառոիցապատումը: