Այս շաբաթ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կհայտնվի համաշխարհային ֆինանսական վերահսկողի մոխրագույն ցուցակում՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարելու անկարողության համար, հաղորդում է Financial Times-ը:
Փողերի լվացման դեմ պայքարի Ֆինանսական միջոցների մշակման խումբը (FATF), ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնի հինգշաբթի Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ, հաղորդում է FT-ն՝ վկայակոչելով երկու արեւմտյան պաշտոնյաների:
Այս քայլը կարող է խաթարել Թուրքիայի՝ իր տնտեսության մեջ օտարերկրյա կապիտալ ներգրավելու կարողությունը լիրայի փոխարժեքի կտրուկ անկման ֆոնին, որն այս ամսվա ընթացքում հետեւողականորեն հասնում էր ռեկորդային ցածր մակարդակի, ինչի արդյունքում լիրան այս տարի թուլացավ 20 տոկոսով: Արժույթը կորցրեց իր արժեքի գրեթե 50 տոկոսն այն բանից հետո, երբ 2018 թվականի օգոստոսին տեղի ունեցած արժութային ճգնաժամն արտաքին միջոցների արտահոսքի հանգեցրեց:
Պաշտոնական տվյալներով՝ FATF-ն արդեն առաջարկել է հատուկ մոնիտորինգի տակ դնել Թուրքիային՝ գործընթաց, որը հայտնի է որպես «մոխրագույն ցուցակ»: Երկիրը կմիանա 22 այլ պետությունների, այդ թվում՝ Հարավային Սուդանին, Եմենին, Ալբանիային, Սիրիային եւ Մարոկկոյին: