Սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը հույժ կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ, այս մասին ասված է «Իրավական ուղի» ՀԿ-ի տարածած հաղորդագրությունում:
«Մինչև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը՝ մենք առիթ ունեցել ենք տարբեր պատգամավորներով, գործիչնեչով մեր խմբակցության անունից արտահայտել մեր կարծիքը առ այն, որ ցանկացած գործընթաց ցանկացած նպատակի հասնելու համար պետք է իրականացնել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»,-այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ նշելով.- մենք ասել ենք, որ՝ այո, Հայաստանում արդարադատության համակարգը պարունակում է հնության տարրեր, որ պետք է արդիականացվի, որ համակարգում կան մարդիկ, որոնցից պետք է ազատվել, որովհետև համակարգը չի կարող երկար ժամանակ կրել այդպիսի մարդկանց ներկայությունը և անխափան գործել, բայց ընդգծել ենք, որ այդ ամենը պետք է անել Հայաստանի գործող օրենսդրության շրջանակներում: Ցանկացած լավ նպատակ, եթե դա արվում է սահմանադրությունը կամ այլ օրենքները խախտելով, չի կարող ցանկալի արդյունք տալ»:
Ըստ պատգամավորի՝ վեթինգի իրականացման գործընթացը ամենից առաջ սահմանադրական փոփոխությունների կարիք զգացող գործընթաց է, և քանի դեռ չեն եղել սահմանադրական փոփոխությունները, վարչապետի հրահանգով դատարանների դռները արգելափակելով, դատավորների գործունեությանը խոչընդոտելով չի կարող արդարադատության համակարգը բարեփոխումների ենթարկվել:
«Մենք առաջարկել ենք, որ բարեփոխումները սկսվեն թիրախային ձևով՝ առանձին դատավորներից, որոնք իսկապես խախտում են օրենքները, հակսահմանադրական, հակաօրինական վարքագիծ են դրսևորում, բայց մի քանի հոգու անվան տակ ամբողջ համակարգը միանգամից պարալիզացնելը չի կարող նպաստավոր լինել: Մենք ամենաառաջինն ենք արձագանքել դատարանների դռներն արգելափակելու հրահանգին՝ պնդելով, որ դա հակասում է սահմանադրությանը, որ չի կարելի դատավորների հեղինակությունը հավասարեցնել զրոյի, հետո նրանցից պահանջել օբյեկտիվ, անաչառ արդարադատություն»,-ասում է Պետրոսյանը:
Վերջինիս պնդմամբ՝ իշխանությունները պետք է ելակետ ունենան մի սկզբունք՝ ամենաառաջինը, որ Հայաստանի սահմանադրության համաձայն՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և մեր ինքնիշխանությունը չպետք է որևէ մեկը անհարկի միջամտություն ունենա, այդ թվում և եվրոպական կառույցները.
«Եթե գործում է սահմանադրություն, համաձայն որի՝ Հայաստանում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները, վեթինգն ո՞վ պետք է իրականացնի. այն՝ որպես սահմանադրական իրավիճակ, հայտնի չէ մեր սահմանադրությանը: Այսինքն՝ մենք տեսնելով եվրոպական քաղաքակրթության արդյունքերը, հասկանալով, ընդունելով, որ Եվրոպայի խորհրդի անդամ ենք և մեր պարտավորությունները գիտակցելով՝ այնուամենայնիվ, կարևոր մի հանգամանք չպիտի մոռանանք՝ որ մենք ինքնիշխան պետություն ենք, և ոչ թե պետք է մեր պետական գործունեությունը ծավալենք՝ մոռանալով սահմանադրությունը և հիմք ընդունելով եվրոպական կառույցների կարծիքները, այլ ամենաառաջինը պետք է հիմք ընդունենք մեր երկրի հիմնական օրենքը, որը ժողովուրդը պատվիրել է պետությանը, իշխանությանը, որպեսզի այդ շրջանակներում իրեն կառավարի: Իշխանությունը պետք է սա հաշվի առնի՝ անկախ նրանից, թե Վենետիկի հանձնաժողովն ինչ կարծիքի է դրա մասին»:
Գևորգ Պետրոսյանը նշում է, որ, ըստ էության, Վենետիկի հանձնաժողովը, պարզապես իրողությունն է արձանագրել: «Սա այն եզակի դեպքերից է, երբ անձամբ ես լիովին համաձայնություն եմ տալիս Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը»,-ասում է պատգամավորն ու հույս հայտնում, որ բիշխանությունը կհետևի մեր հիմնական օրենքին և քաղաքական ամբիցիաները բարձր չի դասի օրինական ճանապարհով առաջ գնալու տարբերակից, իսկ միջազգային կառույցների արձագանքին կհետևի այնքանով, որքանով դա բխում է մեր պետականության ամրամդնդման շահերից:



