
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած կամավորների կոալիցիան հաստատել է իր պատրաստակամությունը՝ մարտական գործողությունների դադարեցումից հետո Ուկրաինա զսպող ուժեր ուղարկելու վերաբերյալ, հայտնում է kommersant.ru-ն։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում՝ օգոստոսի 17-ին եվրոպական երկրների ղեկավարների և Ուկրաինայի նախագահի միջև կայացած առցանց հանդիպումից հետո։
«Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ռազմական գործողությունների դադարեցումից հետո անվտանգության ուժեր տեղակայելու, ինչպես նաև Ուկրաինայի օդային և ծովային տարածքի անվտանգության ապահովման և զինված ուժերի վերականգնման գործում օգնություն ցուցաբերելու հարցում», - ասվում է հայտարարության մեջ։
Օգոստոսի 14-ին բրիտանական ռազմական ղեկավարությունը հրաժարվել է ուկրաինական նավահանգիստներն ու քաղաքները պաշտպանելու համար 30,000 հոգանոց զորախումբ տեղակայելու գաղափարից։ Դրա փոխարեն հայտարարվել է «աջակցող ուժեր» տեղակայելու ծրագրերի մասին։
Նոր ծրագիրը ներառում է արևմտյան Ուկրաինայի օդային անվտանգությունը, ուկրաինացի զինվորականների վարժեցման աջակցությունը և Սև ծովի ականազերծումը։
Բրիտանական աջակցության ուժերը, որոնք բաղկացած են լոգիստիկայի, զենքի և վերապատրաստման մասնագետներից, «չեն ներգրավվի առաջնագծում զորքերի մատակարարման գործում»։ Դրանց դերն է օգնել «ուկրաինական ցամաքային ուժերի վերականգնմանը և վերակազմակերպմանը»։
Սթարմերը նաև ասել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է «մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա, մասնավորապես՝ տնտեսության վրա՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով պատժամիջոցներ և ավելի լայն միջոցառումներ»։