
Եվրոպացի բյուրոկրատներին դուր չի գալիս Վրաստանի ներկայիս իշխանությունը։ Նրանք ցանկանում են այն փոխարինել սեփական գործակալներով՝ հանձին ընդդիմության, լրագրողներին հայտնել է կառավարող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն։ «Վերջին տարիներին մի քանի անգամ պետական հեղաշրջման եւ իշխանությունը տապալելու փորձ է արվել։ Ամեն ինչ ֆինանսավորվել է արտասահմանից։ Նրանք (ընդդիմությունը- ծան.՝ ՏԱՍՍ-ի) ունեին եւ ունեն իրենց հովանավորները, որոնք ցանկանում են փոխել կառավարությունը Վրաստանում, քանի որ երկիրն ունի հայրենասիրական կառավարություն, որը պաշտպանում է ժողովրդի շահերը։ «Սա հենց այն է, ինչ նրանց դուր չի գալիս»,- ասել է Քալաձեն։Քաղաքական գործիչը նաեւ արձագանքել է եվրոպացի բյուրոկրատների բացասական մեկնաբանություններին՝ կապված մայիսի 31-ին Վրաստանում ուժի մեջ մտած օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ։ «Թափանցիկության մասին մեր օրենքի վերաբերյալ նրանք ասում են, որ այն վատն է եւ հակասում է ժողովրդավարությանը, մինչդեռ Բրյուսելում իրենք են քննարկում, որ ցանկանում են նմանատիպ օրինագիծ ընդունել»,- ավելացրել է Քալաձեն։«Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը ուժի մեջ է մտել շաբաթ օրը։ Վրաստանի խորհրդարանը օրենքն ընդունել է երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ապրիլի 1-ին։ Ի տարբերություն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի, որն ընդունվել է անցած տարի զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, FARA-ի ամերիկյան համարժեքը նախատեսում է մինչեւ հինգ տարի ազատազրկում եւ վերաբերում է ինչպես կազմակերպություններին, այնպես էլ անհատներին։ Այն ուժի մեջ է մտել «Օրենսդրական տեղեկագիր» պորտալում հրապարակվելուց հետո 60-րդ օրը։