
Դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսիում կայացավ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ութերորդ նստաշրջանը:
Նստաշրջանի ավարտից հետո մամուլում հայտնվեցին հրապարակումներ, ըստ որոնց պատվիրակությունը իրականում որևէ արդյունք չի արձանագրել և պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը ոչ կարևոր փաստեր է ներկայացրել, որպես ձեռքբերում ու իր ղեկավարած պատվիրակության աշխատանքը գնահատել արդյունավետ:
Փորձենք ամփոփել, թե ինչպիսի արդյունքներ է արձանագրել հայկական պատվիրակությունը՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ութերորդ նստաշրջանի ընթացքում:
Հայկական պատվիրակությանը հաջողվել է Էներգետիկ հանձնաժողովում տապալել ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը՝ Մեծամորի ատոմակայանի փակման պահանջը:
Այս առնչությամբ առաջադրված փոփոխությունների քվեարկությունից անմիջապես առաջ ելույթ է ունեցել պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը: Նա ոչ միայն ներկայացրել է վերոնշյալ հարցում Ադրբեջանի կողմնակալ մոտեցումները, այլ նաեւ հստակ փաստարկել՝ էներգետիկ անկախության ռազմավարական նշանակությունն ու ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների մասնագիտական կարծիքներն առ այն, որ ատոմակայանի անվտանգության բարձրացման հարցում նշանակալի առաջընթաց է արձանագրվել: Գայանե Աբրահամյանը նաեւ ընդգծել է էներգետիկ անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախանշված դրույթների առկայությունն ու կարեւորությունը:
Կարեւոր հաջողություն է արձանագրվել նաեւ Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստում: Քննարկվող զեկույցի համար հայաստանյան պատվիրակության կողմից ներկայացված բոլոր 8 առաջարկներն ընդունվել են:
Տնտեսական հանձնաժողովում քննարկվող զեկույցի վերաբերյալ ԱԺ պատվիրակության բոլոր առաջարկները եւս ընդունվել են, իսկ որպես 2020 թվականի զեկույցի թեմա ընտրվել է Հայաստանի պատվիրակության՝ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի առաջարկը:
Հայաստանի համար խիստ կարեւոր առաջարկ է ընդունվել նաեւ Սոցիալական հանձնաժողովում: ՀՀ ԱԺ պատվիրակության առաջարկը կրթական համակարգում այլատյացության տարածման հիմնախնդրի վերաբերյալ էր, որը մեծապես կապված է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականության հետ:
«Եվրանեսթ» ԽՎ լիագումար նիստի կարեւոր ձեռքբերումներից է նաեւ հրատապ ընթացակարգով բերված բանաձեւում հայկական պատվիրակության առաջադրած երեք փոփոխությունների ընդունումը, որոնք ամրագրում են հեղափոխությունից հետո Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ առաջարկում ԵՄ «Տրիո» (Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա) ռազմավարական նախագծում Հայաստանի ներառում՝ «Տրիո» բանաձեւը, «Տրիո + 1» բանաձեւի վերափոխմամբ:
Նիստում ընդունվել է «Եվրանեսթ» ԽՎ-ի հանձնաժողովի նիստերը հաջորդ տարի գարնանը Հայաստանում անցկացնելու մասին որոշումը:
Իշխանություններին իհարկե քննադատել կարելի է, ավելին անհրաժեշտ է, բայց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ութերորդ նստաշրջանը վստահ կարելի է արդյունավետ համարել Հայաստանի համար:
Եվ եթե իրապես գործող իշխանություններին ընդդիամդիր ուժերի նպատակը պետության ուժեղացումն է, ապա պետք է փորձ չարվի սևացնել կատարված աշխատանքը:Գուցե կարելի էր ավելի շատ արդյունքներ արձանագրել, բայց փաստ է, որ նստաշրջանը տապալված չիեղել, ինչպես պնդում են հայտնի շրջանակները:
Լուսանկարում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանն է