Եվրամիությանն անդամակցելու դեպքում Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի շուրջ 23%-ը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Ամենահամեստ և պահպանողական հաշվարկներով՝ ԵՄ-ին միանալը Հայաստանի համար կարժենա ՀՆԱ-ի մոտ 23%-ը։ Աշխատաշուկայի զանգվածային կրճատումն ու գնաճի տեմպերի աճը կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման։ Ներքին սպառումը կնվազի ավելի քան 20%-ով, սպասվում է նաև էներգակիրների գների թռիչքաձև աճ»,- ասել է Շևցովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Շևցովն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի հետ։ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել երկու կառույցներում, ուստի ստիպված կլինի նախ դուրս գալ ԵԱՏՄ-ից։
«ԵԱՏՄ-ից դուրս գալը, նախևառաջ, կնշանակի արտահանման սահմանափակումների վերադարձ, ապրանքների ու ծառայությունների նկատմամբ միասնական պահանջների չեղարկում, մաքսային լիակատար վերահսկողության վերականգնում։ Բացի այդ, կվերացվի հայաստանցի միգրանտների համար գործող արտոնյալ ռեժիմը, իսկ բեռնափոխադրումների համար կսկսեն գործել ստանդարտ սակագներ»,- նշել է Շևցովը։
Այս սցենարի դեպքում գյուղատնտեսները ստիպված կլինեն իրացման նոր շուկաներ փնտրել, քանի որ մաքսատուրքերի պատճառով հայկական արտադրանքը կկորցնի իր մրցունակությունը։ Կավելանան բեռնափոխադրումների ծախսերը, կկրճատվեն ներդրումները, և կդադարեցվեն էներգակիրների արտոնյալ մատակարարումները։
Շևցովի համոզմամբ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար կհանգեցնի լուրջ տնտեսական անկման։
«Ամենապահպանողական գնահատականներով՝ ՀՆԱ-ն կկրճատվի 15,1%-ով, ներքին սպառումը՝ 14,1%-ով, իսկ արդյունաբերական արտադրությունը՝ 26,3%-ով»,- նշել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
Հիմնական հարվածը կկրեն մետալուրգիան, խմիչքների, ծխախոտի և սննդամթերքի արտադրությունը։ Գնաճը կավելանա 14,3 տոկոսային կետով, իսկ գործազրկությունը՝ 6,4-ով։ «Միևնույն ժամանակ, մյուս երկրները զգալի բացասական հետևանքներ չեն կրի. նրանց կորուստները կկազմեն տոկոսի հարյուրերորդական մասեր»,- հավելել է Շևցովը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը ստիպված կլինի նաև իր օրենսդրությունն ու տնտեսությունը համապատասխանեցնել Միության ստանդարտներին։
«Ապրանքները կբախվեն շուկայի քվոտավորմանն ու տեխնիկական կանոնակարգերին համապատասխանելու անհրաժեշտությանը, ինչն իր հերթին լրացուցիչ ներդրումներ կպահանջի։ Մաքսային վերահսկողության եվրոպական համակարգի ներդրումը փաստացի «խաչ կքաշի» ապրանքների ազատ տարանցման վրա»,- պարզաբանել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
Արդյունքում, ըստ Շևցովի, երկրի ՀՆԱ-ն կարող է նվազել ևս 7,7%-ով, ներքին սպառումը՝ 7,48%-ով, գնաճը կավելանա 8,3 տոկոսային կետով, իսկ գործազրկությունը՝ 4,1-ով։



