Եվրամիության նկատմամբ Թուրքիայի անկեղծ մոտեցո...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիության որոշ երկրներ ընդունակ չեն տեսնելու Թուրքիայի հետ համագործակցության մեծ ներուժը և ԵՄ զարգացման գործում Անկարայի ներդրումը։

«Մեր անկեղծ քայլերը դեպի Եվրամիություն փոխադարձ արձագանք չեն գտնում՝ ԵՄ որոշ անդամների ստեղծած խոչընդոտների պատճառով, որոնք չեն կարողանում տեսնել Թուրքիայի պոտենցիալ մեծ ներդրումը և հոգ են տանում միայն իրենց շահերի մասին»,- ​​ Մադրիդում անցկացված բիզնես ֆորումի ժամանակ ընդգծել է Էրդողանը։ Նա հավելել է, որ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակը և ծայրահեղ աջ ուժերի անհանգստացնող վերելքը կսրեն իրերի այս վիճակը։

Ըստ Էրդողանի՝ ԵՄ-ի հետ առևտրատնտեսական համագործակցության ներուժը սահմանափակված է վիզային խիստ պայմաններով, ինչպես նաև Մաքսային միության մասին համաձայնագրի թարմացման հարցում առաջընթացի բացակայությամբ։

Թուրքիայի ղեկավարն Իսպանիային երախտագիտություն է հայտնել ԵՄ ճանապարհին Անկարային անկեղծ աջակցելու համար։ Նա համոզմունք է հայտնել, որ Իսպանիան նման դրական քայլերը կշարունակի։

Նա նշել է, որ օգտակար է համարում ԵՄ-ի որոշ շրջանակների՝ Թուրքիայի նկատմամբ դրական քայլեր ձեռնարկելու ուղղությամբ իսպանական գործարար համայնքի խրախուսումը։