Եվրախորհրդարանը հաստատել է զինամթերքի լայնածա...

Եվրախորհրդարանը (ԵԽ) կողմ է քվեարկել Եվրահանձնաժողովի կողմից մշակված օրինագծին՝ ԵՄ երկրներում զինամթերքի արտադրությունն ընդլայնելու մասին: «Զինամթերքի արտադրության աջակցության կանոնակարգի» նպատակն է ավելացնել Ուկրաինային զինամթերքի և հրթիռների մատակարարումը, ինչպես նաև համալրել անդամ երկրների զինանոցները: Այս մասին հաղորդում է  ԵԽ-ի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրությունը:

Օրինագծին կողմ է քվեարկել 446 պատգամավոր, դեմ՝ 67: 112 պատգամավոր ձեռնպահ է մնացել: ԵԽ պատգամավորներն այժմ բանակցություններ կսկսեն Եվրոպական խորհրդի հետ՝ քաղաքական համաձայնության հասնելու համար, որի շուրջ քվեարկություն կկայանա հուլիսին:

Այս ծրագրի ֆինանսավորման համար ԵՄ-ն իր բյուջեից կհատկացնի 500 միլիոն եվրո:

«Թիրախավորող միջոցառումներ ներմուծելու միջոցով, այդ թվում՝ 500 միլիոն եվրո ֆինանսավորմամբ, «Զինամթերքի արտադրության աջակցության կանոնակարգը» նպատակ ունի բարձրացնել ԵՄ արտադրական կարողությունները՝ հաղթահարելու պաշտպանական արտադրանքի, մասնավորապես՝ երկիր-երկիր դասի և հրետանային զինամթերքի, հրթիռների և դրանց բաղադրիչների առկա պակասը», -  ասվում է հաղորդագրությունում:

ԵԽ-ի մամուլի ծառայությունը հավելում է, որ առաջարկը սահմանում է մեխանիզմներ, սկզբունքներ և ժամանակավոր կանոններ՝ ապահովելու նշված պաշտպանական արտադրանքի ժամանակին և տևական հասանելիությունը Եվրոպական Միության ներսում գնորդների համար:

«Այս կանոնակարգի արդյունավետությունը կգնահատվի մինչև 2024 թ.-ի կեսերը՝ հաշվի առնելով անվտանգության համատեքստի էվոլյուցիան։ Արդյունքների հիման վրա կարող է դիտարկվել այդ միջոցառումների երկարաձգումը և լրացուցիչ բյուջեի հատկացումը», - նշված է հաղորդագրությունում։