Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են հո...

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են հութիների գրոհները Սաուդյան Արաբիայի վրա, ինչպես նաև Եմենում նրանց ռազմական գործողությունները, և կոչ են արել ԵՄ խորհրդին նրանց ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում։ Այս մասին հաղորդել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Հինգշաբթի (հոկտեմբերի 22-ին) ընդունված բանաձևում պատգամավորներն այդ հարձակումները որակում են որպես միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում՝ ընդգծելով, որ այդ գործողությունների հետևանքով զոհվել կամ տեղահանվել են մեծ թվով եմենցի խաղաղ բնակիչներ, իսկ երկրում հումանիտար ճգնաժամը խորացել է», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի առաջարկից հետո Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիության խորհրդին հութիների շարժումը, այդ թվում՝ դրա ռազմական ու քաղաքական թևերը, ղեկավարությանը, ինչպես նաև ռազմական և ուժային կառույցները, ներառել Եվրոպական միության կողմից կազմված ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։

Խորհրդարանը նաև դատապարտել է վերջին տարիներին հութիների կողմից Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ իրականացված հրթիռային հարվածներն ու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գրոհները։

Օրենսդիրները համերաշխություն են հայտնել Սաուդյան Արաբիային և Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը և պահանջել են, որ հութիները դադարեցնեն բոլոր ռազմական գործողություններն ինչպես Եմենում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Եվրախորհրդարանը նաև «խստորեն դատապարտել է Իրանի վարչակարգի ապակայունացնող դերը»՝ նշելով, որ այն «լուրջ սպառնալիք» է ներկայացնում ավելի լայն տարածաշրջանի անվտանգության համար և հութիներին մատակարարում է զենք, տրամադրում ֆինանսավորում և վերապատրաստում նրանց։