Եվրախորհրդարանի անդամները Մերկելից պահանջում...

Եվրախորհրդարանի գերմանացի և հույն 53 պատգամավոր նամակ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ մտահոգություն հայտնելով Թուրքիայի սպառնալիքների կապակցությամբ և կոչ արել անհապաղ դադարեցնել գերմանական արտադրության սուզանավերի վաճառքն այդ երկրին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Պատգամավորների ստորագրությամբ Twitter-ում հրապարակված նամակում մասնավորապես նշվում է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով ոտնահարում է Հունաստանի ու Կիպրոսի ինքնիշխան իրավունքները և այդ համատեքստում գործում է նաև միջազգային իրավունքի դեմ:

«Ծայրաստիճան մտահոգ ենք Արևելյան Միջերկրականում ԵՄ անդամ երկրներին ուղղված Թուրքիայի ռազմական սպառնալիքիներով և երկյուղում ենք, որ հնարավոր բախման ընթացքում Թուրքիան կարող է օգտագործել Գերմանիայում արտադրված սուզանավերը»,- ասվում է նամակում:

Պատգամավորները պահանջել են անհապաղ կասեցնել գերմանական խոշոր «Thyssen Krupp» ընկերության կողմից արտադրվող և Թուրքիայում մոնտաժվող սուզանավերի պահեստամասերի արտահանումը:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի օրակարգում լինելու է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը: