Եթե Վանեցյանին հաջողվի մտնել քաղաքական դաշտ,...

«Չկա արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման հայեցակարգ, դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ։ Զարգացման վեկտորը բացակայում է։ Մեկ ու կես տարվա ընթացքում որևէ գործընթաց չի կատարվում։ Եթե չես նայում առաջ, ապա ուզած-չուզած նայում ես հետ և այս մեկուկես տարվա ընթացքում մենք միայն հետ ենք նայում։ Այդ դեպքում հետևում գտնվողն է դառնում քո այլընտրանքը, ինչը այսօր մենք տեսնում ենք», - գործող կառավարության վերջին մեկ տարվա գործունեության մասին  այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը։

Խոսելով ԱԱԾ տնօրենի հրաժարականի տեքստի մասին՝ քաղաքագետը նշեց, որ այն «բավական խիստ տոն» ուներ և դրանով
գնահատական տրվեց վարչապետին։

«Այդ հայտարարությունը նման էր դուռը շրխկացնելով հեռանալուն։ Եվ պատահական չէր, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նիստից հետո փորձում էին համոզել, որ վարչապետն է նրան ազատել և ոչ թե ինքն է հրաժարական տվել», - ասաց Բադալյանը։ Իր հայտարարությամբ Վանեցյանը փակել է նախկին «ինչ-որ մի ժամանակահատված» և բացել նորը։

Արմեն Բադալյանը նաև չի բացառում, որ այդ հայտարարությունը կարող է լինել ԱԱԾ նախկին տնօրենի հնարավոր մուտքը քաղաքականություն, և եթե Վանեցյանին հաջողվի մտնել քաղաքական դաշտ, նա կլինի զարգացող այլընտրանք ներկա իշխանությանը։