Եթե «Թեղուտ» ՓԲԸ-ի պատասխանը գոհացուցիչ չլինի...

«Եթե ընկերության պատասխանը գոհացուցիչ չլինի, բողոքի ակցիաները կշարունակվեն»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Շնող համայնքի Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավար Ֆրունզե Նորեկյանը՝ անդրադառնալով օրերս կայացած բողոքի ակցիային, որի ընթացքում Շնող և Թեղուտ բնակավայրերի շուրջ 200 բնակիչներ փակել էին Թեղուտ գյուղ և «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը՝ պահանջելով ընկերությունից կատարել խոստումն ու առաջնահերթ աշխատանքի ընդունել այդ բնակավայրերի բնակիչներին:

Բնակիչները ճանապարհը բացել էին Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի հետ հանդիպումից հետո, երբ վերջինս խոստացել էր հանդիպել «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրինության հետ և ներկայացնել բնակիչների բողոքը: Politik.am-ի հետ զրույցում համայնքապետը տեղեկացրերց, որ հանդիպումը կայանալու է այսօր, բայց մինչ այս պահը հստակ ժամ որոշված չէ:

Ըստ Թեղուտի վարչական ղեկավար Ֆրունզե Նորեկյանի՝ բնակիչները մտահոգ են, և, վստահաբար, բողոքի ակցիաները կշարունակվեն, եթե այսօր ընկերությունից պատասխան չստանան: Նշենք, որ բողոքի ակցիայի օրը ևս «Թեղուտ» ՓԲԸ-ն որևէ մեկնաբանություն չէր տվել բնակիչներին:

Հիշեցնենք, որ ըստ Թեղուտ և Շնող բնակավայրերի բնակիչների՝ Թեղուտ» ՓԲԸ-ն խոստացել է առաջնահերթության կարգով ընկերությունում աշխատողներ ընդունել համայնքի բնակիչներից, սակայն խոստումը չի կատարում և պարզաբանումներ չի տալիս: