Եթե լյուստրացիա, ապա՝ ամբողջական

Տեղեկատվական հոսքերում շոշափվում է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի գույքի եւ ունեցվածքի հայտարագրման եւ ծագումնաբանության թեման: Պարզ ասած, արվում է հարցադրում. «Որտեղի՞ց նրան այդքանը»: Փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե նախկին վարչապետն «օլիգարխ» է:

Ենթատեքստը հասկանալի է: Բայց եթե խոսքը լյուստրացիայի մասին է, ապա ինչու՞ նույնը չպահանջել նաեւ ԱՀ նախագահի թեկնածու առաջադրված մյուսներից: Ու՞մ է ձեռնտու՝ տպավորություն ստեղծել, թե նրանք Ավետարանի աղքատ Ղազարոսն են:

Արցախը փոքր  երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են եւ գիտեն, թե ով ինչ ունեցվածքի տեր է: Ում է պատկանում Ստեփանակերտի ամենակենտրոնական հատվածում գործող սրճարանը: Ով որտեղ է առանձնատուն կառուցել: Ում որդին է շրջում տասնյակ հազարավոր դոլար արժեցող մեքենայով, որ նախկինում սպասարկել է ԱԺ նախագահին եւ ձեռք է բերվել նրա օգնականի անունով՝ ընդամենը մեկ միլիոն դրամով: Տեսնում են, որ ԱԺ նախագահին սպասարկած մյուս թանկարժեք մեքենան ջրի գնով վաճառվել է նրա վարորդին եւ այսօր տաքսու տակ երթեւեկում է Ստեփանակերտ-Երեւան եւ հակառակ ուղղությամբ: Գիտեն, թե ումն է էլիտար թեյարանը՝ դարձյալ մայրաքաղաքի կենտրոնում: Հիշում են, որ ԱԳՆ շարքային աշխատակից լինելով՝ նախագահի թեկնածուներից մեկը սեփական խանութ ուներ: Որ երրորդն էլ շքեղության պակաս չունի: Որ ոմանք Երեւանի էլիտար թաղամասերում հյուրանոցի, ռեստորանների, գիշերային ակումբի տեր են: Գիտեն՝ ում որդին ինչքան գումար է տանուլ տվել խաղատներում, եւ հայրն ինչպես է փակվել: Ով իր ծառայամտության համար ումից եւ ինչքան է ստանում՝ Մոսկվայից: Ում քաղաքական լոբբինգն է անում Արցախի ամենախոշոր տնտեսվարող «Բեյս մեթլզը»: Փաստացի ում համար է աշխատում այս կամ այն գազա-բենզալցակայանը:

Հիմա ի՞նչ, դնենք՝ այս հարցադրումներն անե՞նք: Հարցնե՞նք, թե այդ ինչպես է պատահում, որ համալսարանի՝ ամիսը 150 000 դրամ աշխատավարձ ստացող դասախոսը Երեւանում 150 000 դոլարանոց  բնակարանի սեփականատեր է դառնում եւ լծվում նախագահի թեկնածուներից մեկի քարոզարշավին: Եթե լյուստրացիա, ապա՝ միայն ամբողջական: Թող նախարարները, պատգամավորները, գեներալիտետը, շրջանային վարչակազմի ղեկավարները, բոլորն անխտիր ներկայացնեն իրենց գույքի, դրամական միջոցների, թանկարժեք մեքենաների ձեռքբերման փաստաթղթավորված հիմնավորումները: Արայիկ Հարությունյանը չի թաքցնում, որ մինչեւ վարչապետի պաշտոնում նշանակվելն էլ եղել է խոշոր գործարար: Իսկ մյուսնե՞րը:

Նելսոն Ավանեսյան

Լրագրող