Այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանի տարբեր մարզերի մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ իրենց խոսքով՝ ինքնաբուխ. «Եթե կազմակերպված լիներ, այստեղ 2000-3000 մարդ կլիներ վստահաբար»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը: Վերջիններս անհատապես կամ կազմակերպությամբ զբաղվում են մետաղական ջարդոնների հավաքմամբ և արտահանմամբ: Նրանք կառավարության դիմաց եկել էին մետաղաթափոններով բարձված բեռնատարներով՝ ասելով, որ եթե իրենց խնդրին լուծում չտրվի, պատրաստ են ամբողջ բեռը թափել կառավարության շենքի դիմաց:
Նրանց դժգոհություն է պատճառել, որ կառավարությունում քննարկումներ կան այդ մետաղաթափոնները հավաքել և վերամշակել տեղում՝ ռազմարդյունաբերության նպատակով: Քաղաքացիները պնդում են, որ մետաղի այն տեսակը, որի հավաքմամբ ու արտահանմամբ իրենք են զբաղվում, ռազմարդյունաբերության մեջ օգտագործել հնարավոր չէ, քանի որ հիմնականում փտած թիթեղներ են, որոնց վերամշակման ենթարկելու դեպքում հումքի 60-70%-ի կորուստ կգրանցվի:
Ակցիայի մասնակիվները նաև դիմում-նամակ են գրել ՀՀ Ազգային Ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին: Ասում են՝ կառավարությունից ու ՊԵԿ-ից պատասխան չեն տալիս, ուղղորդում են ԱԺ:



Բողոքի ակցիան, սակայն, կառավարության դիմաց չավարտվեց: Մետաղաթափոնների հավաքմամբ ու վաճառքով զբաղվողները կառավարությունից քայլերթով, իսկ մի մասը՝ էլի բեռնատարներով, գնացին ՊԵԿ՝ իրենց բողոքը այնտեղ ևս ներկայացնելու:
Նրանց մեջ էր Ջիվան Գրիգորյանը, ով աշխատում է բառնատարի վարորդ, Հայաստան է վերադարձել իշխանափոխությունից հետո՝ հույսով, որ կկարողանա հայրենիքում աշխատել ու պահել ընտանիքը: Մինչ այդ արտագնա աշխատանք է կատարել Ռուսաստանի Դաշնությունում:
«Հիմա աշխատում եմ մրի, երկաթի մեջ: Էսօր էդ էլ կտրեցին, էլ իմ մնալու իմաստը ո՞րն ա: Ես կասկածներ ունեմ, որ ոլորտն ուզում են տալ կոնկրետ մարդու, մոնոպոլիան վերականգնել»,-ասում է Ջիվան Գրիգորյանը:
Մինչ քաղաքացին ներկայացնում էր խնդիրը, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն ընդունեց ակցիայի մասնակիցներից մի քանիսին՝ խնդիրը հասկանալու և հնարավոր լուծումներն առաջարկելու համար: Մեզ տեղեկացրին, որ քննարկաման արդյունքում ՊԵԿ-ը խնդրել է 2-3 օր ժամանակ՝ օրինագծի հետ կապված քննադատություններն ու մտահոգությունները ուսումնասիրելու և վերջնական եզրահանգում անելու համար:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասացին՝ կսպասեն ևս 2 օր, որից հետո, եթե հիմնավոր պատասխաններ չստանան, կշարունակեն ակցիաների շարքը:
Մարիամ Սարգսյան



