Եթե հավատացյալ էիր, ապա ինչու ես անօրինական հ...

Օրերս հայտնի դարձավ, որ մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը Հատուկ քննչական ծառայությունում առերեսվել են:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեր աղբյուրների տեղեկացմամբ առերեսման ժամանակ նախկին նախարար Սերգո Կարապետյանը հայտարարել է, որ «հավատացյալ մարդ է ու ասելու է ճշմարտությունը, որպեսզի Աստված իրեն չպատժի»։ Նախագահ Սերժ Սարգսյանը սրան ի պատասխան հեգնել է, որ «եթե հավատացյալ էիր, ապա ինչու ես անօրինական հրահանգ կատարել»։

Առերես հարցաքննության ամբողջ ընթացքում Սերգո Կարապետյանը գտնվել է հոգեպես ճնշված վիճակում։ Ակնհայտ է եղել, որ Կարապետյանը ստիպված է գնում այս քայլին։