Ապրիլյան պատերազմի գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ավարտում է նախապատրաստական փուլը և շուտով կմեկնարկի քննության փուլը, այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Քննելու փուլը լիարժեք կիրացվի, երբ հանձնաժողովի բոլոր անդամները մշտապես կլինեն խորհրդարանում, գիտեք, որ հիմա արձակուրդային վիճակ է։ Բայց երբ մենք մարդ կանչելու լինենք, կասկած չունենաք, հանձնաժողովականները որտեղ էլ լինեն, կգան կմասնակցեն նիստերի», - ասաց Քոչարյանը։
Հարցին՝ ի՞նչ է լինելու, եթե որևէ նախկին կամ գործող պաշտոնյա հրաժարվի ներկայանալ հանձնաժողով, նա ասաց.
«Չեմ պատկերացնում հրաժարվելու դրդապատճառները, այստեղ բարոյականության հետ խնդիր կա։ Հրաժարվել այս պահին նշանակում է թաքցնել և չեմ կարծում, որ որևէ մեկը կընտրի այդ ճանապարհը»։
2016թ.-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հանձնաժողով հրավիրելու մասին Քոչարյանն ասաց, որ այս ամիս նրան հրավիրելու անհրաժեշտություն չի լինի, բայց ընդհանրապես, նախկին նախարարին հանձնաժողովի անդամներն ունեն հարցեր։
«Մենք ունենք հարցեր, որոնք պետք է տանք Սեյրան Օհանյանին... և բոլոր այն պատասխանատուները, որոնք իր կառավարման տակ կայացրել են որոշումներ, այսինքն՝ միայն Սեյրան Օհանյանի խնդիրը չէ», - ասաց նա։
Հարցին, թե Սերժ Սարգսյանին հարցեր կա՞ն,պատգամավորը պատասխանեց.
«Աշխատանքը ցույց կտա՝ մինչև ուր կգնան հարցերը։ Բնականաբար, եթե հարցեր լինեն, մենք կդիմենք պարոն Սերժ Սարգսյանին, որպեսզի ինքն էլ պատասխանի դրանց։ Բայց դա ո՞ր պահին կլինի, կլինի՞, թե՞ չի լինի, դա կորոշի հանձնաժողովը»։



