Եթե դրա համար ինձ հասնում է պաշտոնից ազատում,...

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանը Politik.am-ի հետ զրույցում անդրադարձավ 8-րդ դասարանի դիմորդ աշակերտների ծնողների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված բաց նամակին՝ նշելով, որ ծնողների պնդումները հիմնավոր չեն, տնօրինությունը բոլոր երեխաների համար ապահովել է հավասար մոտեցում:

Նամակում ծնողները նշել են, որ քննաթերթիկի 16-րդ առաջադրանքի մեջ թույլ է տրվել սխալ,  որն ուղղվել է միայն քննության ավարտից 10 րոպե առաջ: Աշակերտներից շատերը չեն հասցրել կողմնորոշվել եւ արդյունքում մեկական միավոր են կորցրել:

Նավասարդյանը մեզ հետ զրույցում նշում է, որ վրիպակի մասին դիմորդներին տեղեկացրել են քննությունը սկսելուց 30 րոպե հետո, ոչ թե ավարտելուց 10 րոպե առաջ.«Խնդրի մեջ «բնական» բառը եղել է ավելորդ, և ընդամենը կես ժամ հետո՝ դեռևս որևէ աշակերտ քննասենյակից դուրս չեկած, ասել ենք, որ «բնական» բառը ջնջեն»:

Քննության առաջադրանքները անձամբ Հայկազն Նավասարդյանն է կազմել, իր խոսքով՝ քննության գիշերը: Վրիպակի պատասխանատվությունն ամբողջովին ընդունում է: Բոլոր դիմորդներին, չգրված օրենքի համաձայն, տվել են վրիպակների 1 միավորները:

«Խնդրի մեջ եղած վրիպումը ընդունում եմ, և ցանկացած վրիպման համար պատասխանատուն ես եմ: Եթե դրա համար ինձ հասնում է պաշտոնից ազատում, պատրաստ եմ դիմում գրել, եթե նախատեսվում է կախվել, պատրաստ եմ կախվել»,-ասում է մեր զրուցակիցը:

Դիմորդների ծնողներն ընդգծել են նաև, որ Ֆիզմաթ դպրոցում դասարանները գերհագեցած են աշակերտներով, ինչը հնարավոր է՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ դպրոցի անշարժ գույքի մի մեծ հատվածում ուսումնական գործունեություն է իրականացնում «Ուսում» հանրակրթական դպրոց ոչ պետական ուսումնական հաստատությունը (վճարովի դպրոց է, ղեկավարը ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի կինն է` Սուսաննա Թամարյանը):

Ֆիզմաթի տնօրենը, անդրադառնալով այս մտքին, ասում է.«Երկուսով՝ ես և իմ տիկինը, մեր երկրում կարողանում ենք ստեղծել ու պահել նման դպրոցներ: Նախարարությունը քաջատեղյակ է՝ «Ուսում» դպրոցը տեղակայված է Ֆիզմաթ դպրոցի հանրակացարանային շենքում, որտեղ սենյակը 25 քմ է: Այդ տարածքում մասնավոր դպրոցն իրեն կարող է թույլ տալ տեղավորել 10-14 աշակերտ: Ֆիզմաթ դպրոցի համար այդ սենյակները որպես դասասենյակ  չեն կարող ծառայել, որովհետև հիմնական պատ բացելու հնարավորություն չունենք, որ տարածքը մեծացնենք, և պետությունը չի ֆինանսավորի: Եթե պետությունը կտա 12 հոգանոց դասարանի համար ֆինանսավորում, «Ուսումը» կտեղափոխվի: Վերջինս, ի դեպ, Ֆիզմաթ դպրոցին տարեկան 10 մլն գումար է վճարում»:

Տնօրենը նշում է՝ դպրոց դիմել է 741 երեխա, որոնցից անցնելու է 100-ը՝ ելնելով լիցենզիայի և սենյակային պայմաններից: «Դուրս մնացող 641-ից յուրաքանչյուրը կարող է դժգոհություն արտահայտել, բայց որն է դրանում մե՛ր մեղքի բաժինը: Ծնողներից յուրաքանչյուրը մտածում է իր երեխայի մասին, իսկ ես դրա իրավունքը չունեմ: Եթե որևէ մեկը կասի՝ ես այդ դիմորդներից մեկի հանդեպ անհատական վերաբերմունք եմ ցուցաբերել, պատրաստ եմ պատասխանատվություն կրել»,-ասում է Նավասարդյանը:

Տնօրենն այսօր եղել է նախարարությունում, որոշել են  8-րդ դասարանի ընդունելության անցումային շեմը 12 միավորից իջեցնել 11 միավորի:

Մարիամ Սարգսյան