Եթե անգամ 2025-ին շատ ցածր տնտեսական աճ լինի,...

2022-2023 թվականներին Հայաստանը իր տնտեսական աճի տեմպերով եղել է աշխարհում առաջատար տասնյակում, եւ այս տարի ունենք շատ բարձր աճի տեմպ եւ էլի կլինենք առաջատար երկրների շարքում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երեւանում ընթացող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում պանելային քննարկման ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

«2022-ին ՀՀ-ում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, 2023-ին՝ 8,3 տոկոս, որը օրինակ աշխարհում տնտեսական աճի տեմպով եղել է 4-րդը, իսկ Եվրոպայում՝ առաջինը: Այս տարի առաջին կիսամյակում տնտեսկան աճը 6,5 տոկոս է: ՔՊ-ն խոստացել է, որ տարեկան Հայաստանը կունենա միջինը 7 տոկոս տնտեսական աճ, ինչը նշանակում է, որ 5 տարում մեր ՀՆԱ-ն 50 տոկոսով կավելանա, իսկ 10 տարում՝ կկրկնապատկվի: Այս տարի տնտեսական աճի թիրախը 7 տոկոս է, սակայն մենք արդեն շատ մոտ ենք ՀՆԱ-ն 50 տոկոսով ավելացնելու ցուցանիշին, գրեթե ապահովել ենք այդ ցուցանիշը: Եթե անգամ 2025-ին տեսականորեն շատ ցածր տնտեսական աճ լինի, կառավարությունն իր այս խոստումը վստահաբար կկատարի: