ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչող փաստաթուղթը կստորագրի այսօր: Նման տեղեկություն է հայտնել Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը:
«ԱՄՆ նախագահ Թրամփը վարչապետ Բենյամին Նեթանյահուի ներկայությամբ հրամանագիր կստորագրի Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ»,- հայտարարել է իսրայելցի նախարարը:
Այս քննարկումների ընթացքում սկսեցին կարծիքներ հնչել, որ նման փաստաթղթի ստորագրումը կարող է նախադեպային լինել Արցախի Հանրապետության համար: Այս կարծիքների վերաբերյալ Politik.am-ը լսել է քաղաքագետ Արմեն Բադալյանի մենկանաբությունը: Վերջինիս խոսքով՝ դրանց լուրջ վերաբերվել չի կարելի. շատերին թվում է, որ ահա՝ պատմական արդարություն է վերականգնվում, բայց դրանք իրար հետ ընդհանրապես կապ չունեն:
«Չի կարող նախադեպային լինել, որովհետև միջազգային իրավունքում նման նախադեպային որոշումներ չեն լինում: Օրինակ՝ Եվրամիության բոլոր անդամները առանց հանրաքվեի ճանաչեցին Կոսովոյի անկախացումը, բայց այդ նույն երկրները հանրաքվեով չեն ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին՝ նշելով, որ դրանք տարբեր խնդիրներ են».-ասում է քաղաքագետը:
Ըստ Բադալյանի՝ ԱՄՆ-ն Գոլանի բարձունքները պատրաստվում է ճանաչել իսրայելական տարածք, բայց միաժամանակնշում է, որ իրենք չեն ճանաչելու Ղրիմի միացումը Ռուսաստանին.«Այսինքն՝ միջազգային իրավունքում նախադեպային ոչ մի որոշում գոյություն չունի: Եվ, ընդհանրապես, միջազգային իրավունքի նախադեպ հասկացություն գոյություն չունի, և յուրաքանչյուրը միջազգային իրավունքը մեկնաբանում է այնպես, ինչպես դա բխում է իր շահերից: Միաժամանակ դրանից չի բխում, որ ԱՄՆ-ն կճանաչի Աբխազիայի կամ Հարավային Օսեթիայի անկախությունը: Եթե ԱՄՆ-ի շահերից բխի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, նա կճանաչի՝ անկախ նրանից՝ ճանաչու՞մ է Գոլանի բարձունքները՝ Իսրայալեի տարածք, կամ Երուսաղեմը՝ Իսրայելի մայրաքաղաք, թե՞ ոչ».-ամփոփում է Արմեն Բադալյանը:
Մարիամ Սարգսյան



