Եթե 5 դատավոր միասին գան և ասեն, որ ինձ մոտ չ...

Սահմանադրական դատարանի նախագահը արդարադատության իրականացման գործընթացում ունի ընդամենը 1 ձայնի իրավունք, այլ կերպ ասած, նախագահի լիազորությունները զուտ կազմակերպչական են: Այդպես է Հայաստանում, մինչդեռ շատ երկրներում ՍԴ նախագահի ձայնը, հավասար ձայների դեպքում, վճռորոշ է: Սա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի առաջին դիտարկումն էր ՍԴ-ի շուրջ եղած վերջին զարգացումների վերաբերյալ, որը նա արել է Pressing հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ:

Դատարանները ժողովրդի կողմից ձևավորելու դիտարկմանն ի պատասխան` Հրայր Թովմասյանը նշել է, որ ժամանակակից աշխարհում իրավական պետություններում դատավորներն ընտրվում են անուղղակի ընտրություններով՝ առաջնային մանդատով օժտված մարմինների կողմից, և սա քաղաքական բաղադրիչը նվազագույնի հասցնելու միտում ունի: Հարցին՝ արդյո՞ք ՍԴ-ում կա ճգնաժամ, նա պատասխանել է.

«Ճգնաժամն այն վիճակն է, երբ տվյալ մարմինը ի զորու չէ գործել և իրականացնել իր սահմանադրական առաքելությունը։ Այս ժամանակահատվածում որևէ դեպքով որևէ մեկն արձանագրե՞լ է, որ ՍԴ-ն ի զորու չէ սահմանադրական արդարադատություն իրականացնել, եղե՞լ է դեպք, որ ՍԴ-ն սահմանված ժամկետում որոշում չընդունի, հետաձգի, չկարողանա ամբողջ կազմով հավաքվել, նման բան չկա։ Ես ծիծաղելի եմ համարում «դատավոր» – «անդամ» բառախաղը, սա արհեստական դրվեց շրջանառության մեջ։ Իսկ վստահությունը ՍԴ-ի նկատմամբ ինչպե՞ս եք չափում, ո՞վ է չափել, արդյոք դատական իշխանության պարագայում վստահության բացակայությունը ենթադրո՞ւմ է այդ մարմնի լուծարում, բնականաբար, ոչ»։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ դատավորները պետք է ընտրվեն ժողովրդի կողմից, ՍԴ նախագահը ներկայացրել է իր տեսակետը, այն է՝ ՍԴ որոշումները բարդ իրավական կատեգորիաներ են, որոնք երբեմն իրավաբաններին հասու չեն, ուր մնաց շարքային քաղաքացին հասկանա, ընկալի և հետևություններ անի: Որպես այս մտքի շարունակություն՝ ՍԴ նախագահը նաև հարցադրում է անում՝ հասարակության քանի՞ տոկոսն է երբևէ կարդացել Սահմանադրական դատարանի որևէ որոշում կամ գիտի որևէ որոշման վերնագիր: Որպես լրացում նա նաև տեղեկացնում է, որ այդ որոշումները հանրությանը հասանելի դարձնելու ուղիներ փնտրում են, այդպիսին է, ասենք, առանձին ասուլիսների կամ ռեզյումեների միջոցով դրանք հրապարակելը:

«Բարդ որոշումներ ընդունելուց առաջ ես եկեղեցի եմ գնում, որ չսխալվեմ, ես գիշերներն արթնանում եմ, հերթական որոշումը նորից կարդում եմ, քաղաքական էջն ինձ համար ջնջված է»,- ասաց նա:

Թովմասյանը հայտնել է, որ ՍԴ դատավորների հետ խոսել է իր հեռանալու մասին, զրույցին 8 դատավոր է ներկա եղել, և ինքը դատավորներին ասել է՝ եթե 5 դատավոր միասին գան և իրեն ասեն, որ իր մոտ չի ստացվում ՍԴ նախագահ լինելը, ինքը չի կարողանում կազմակերպել աշխատանքը, սուր ծայրերը հարթել, ապա ինքը պատրաստ է հրաժարական տալ։

«Ինձ քրեական պատասխանատվության ենթարկել, քրեական հետապնդում սկսել կամ ինձ կալանավորել կարող են միայն ՍԴ համաձայնությամբ: Եթե ՍԴ-ն այդպիսի որոշում կայացնի, դա կլինի իրավական որոշում, իսկ ցանկացած իրավական որոշում ինձ համար ընդունելի է»,- ընդգծել է Հրայր Թովմասյանը։

Որպես եզրափակում՝ Հրայր Թովմասյանը խոսել է իրավիճակի՝ իր պատկերացրած հանգուցալուծման մասին. այն պետք է լինի իրավական, չլինի գործարք և չլինի ընդդեմ իր խղճի։