Երջանկությունը կարևոր քաղաքական օրակարգ է, բայց դա չի նշանակում, որ կառավարությունը պետք է ապահովի ընտանիքների երջանկությունը ու գնա մտնի ընտանիքներ ու այնտեղ երջանկություն ապահովի։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով Թադևոս Ավետիսյանի՝ սոցիալական քաղաքականությանը վերաբերող, հարցին ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Կառավարությունը պետք է ստեղծի քաղաքական միջավայր այդ երջանկության համար։ Իմ համոզմունքն է, որ ՀՀ-ում մարդկանց երջանկությունը հնարավոր չէ առանց իրական Հայաստանի հայեցակարգի վրա հիմնված ինքնիշխան պետություն կառուցելու։ 2018 թվականից մինչև այսօր ՀՀ-ում 30 տոկոս տնտեսական աճ է եղել, որտեղից է եղել այդ աճը։ Ինչ վերաբերում է վախերին, այո ես վախենում եմ, վախենում եմ, որ Հայաստանի պետությունը զրոյացնելու ոմանց ծրագիրը իրականություն դառնա, որովհետև ահագին մարդիկ գիտակցաբար այդ օրակարգն են տանում»,- ասաց նա։
Արձագանքելով՝ Ավետիսյանը հարց ուղղեց Փաշինյանին՝ իրեն հարց տվել է, եթե չլինեին իշխանության, ՀՀ-ն ինչ վիճակում կլիներ, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց․
«Այո տվել եմ, հիմա ամեն ինչ կլիներ նույնը մի տարբերությամբ, որ ՀՀ-ն կլիներ գուբեռնիա, 100 տոկոսով։ Մի տարի առաջ այդ հարցը մենք ինքներս էինք մեզ տալիս այն հարց, որ ՀՀ քաղաքացին քնի հաջորդ օրը ինչ արհավիրք տեղի կունենա, հիմա ասում ենք՝ ՀՀ քաղաքացին կարող է հանգիստ քնել՝ վստահ լինելով, որ վաղը արհավիրք տեղի չի ունենալու»։



