«Ես սպասում էի այս հանդիպմանը, շատ էի լսել՝ ինչ է կատարվում, և այստեղ տեսա մոտավորապես այն, ինչ սպասում էի, չեմ ուզում ասել՝ տեսա ավելին, ինչ սպասում էի, գիտեի, որ այն առավելն, ինչ սպասում էի, պիտի տեսնեի: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում գործադրած ջանքի համար, որ այստեղ՝ Հայաստանի սրտում, սա Թումանյանի ծննդավայրն է, վերածննդի այսպիսի անկյունաքար ունենք»,-ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակ:
Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության տնտեսական հիմքը այն մարդիկ են, ովքեր գիտության, կրթության, բիզնեսի ոլորտում ցուցաբերել են նախաձեռնություններ, որոնք դուրս են եղել ավանդական օլիգարխիկ-կոռումպացված տրամաբանության շրջանակներից: Ըստ վարչապետի՝ ամենակարևոր նախաձեռնությունը, որ հեղափոխական նշանակություն է ունեցել, Սփյուռքի մի շարք գործիչների վերաբերմունքի փոփոխությունն է Հայաստանում անելիքի վերաբերյալ.
«Նրանք հասկացան՝ ոչ թե պետք է ուտելիք, գումար, կոշիկ, շոր տալ ՀՀ բնակիչներին, քավ լիցի, գործունեության այս ձևը որևէ կերպ չի կարելի թերագնահատել, այն ժամանակ, երբ Հայաստանը սովի եզրին էր, այդ սնունդը, կոշիկը, շորը Հայաստանը փրկել են սովից, աղետից, խնդրում եմ՝ իմ ասածը չընկալել որպես նախորդ շրջանի օգնության, աջակցության թերագնահատում, բայց եկավ պահ, երբ սփյուռքի ընկալումը փոխվեց, նրանք եկան եզրակացության, որ բարեգործության տրամաբանությունը պետք է փոխել զարգացման տրամաբանության, իրականացնել նախագծեր, որ կօգնեն մարդկանց»:



