Ես պնդում եմ, որ հնարավոր է 100 դրամ սակագնով ունենալ որակյալ, երեւանցիներին արժանի, լավագույն քաղաքների տիպի տրանսպորտային համակարգ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Factor.am-ի ուղիղ եթերում Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Իշխանությունները պնդում են, որ դա հնարավոր չէ անել, որովհետեւ իրենք ուղղղակի չեն կարող ճիշտ կառավարել: Դա ցույց տվեց վերջերս իրենց արած «կարմիր գծերի» ռեֆորմը: Իրենք թանկացրեցին «կարմիր գծերը»՝ ասելով, որ դա կտա լավ արդյունք, այսինքն կենտրոնում մեքենաների հոսքը պետք է քչանար: Մենք բազմիցս ասացինք, որ այդպես չի լինելու, այդպես չի աշխատում, մենք նաեւ հաշվարկները ցույց տվեցինք, բայց մեզ ոչ ոք չլսեց: Իրենք դա արեցին, եւ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում քաղաքում. Գները պարզապես բարձրացան: Եթե մարդիկ կայանման համար վճարում էին 100 դրամ, հիմա վճարում են 300 դրամ: Տարեկան 12 հազար դրամը դարձավ 160 հազար դրամ: Դրանից խցանումները չքչացան, խցանումները ավելացել են, մեքենաներն այսօր կանգնում են բակերում, կենտրոնի բնակիչները պարզապես ցայտնոտի մեջ են, կոլապս է բակերում, չեն կարողանում իրենց մեքենաները կանգնեցնել: Սա ցույց է տալիս, որ իշխանությունը չգիտի՝ ինչ է անում: Տակը ոչ մի հաշվարկ չա: Իրենց նպատակը բնակիչներից գումար կորզելն է»,-ասաց Մարությանը՝ հավելելով, որ այսօրվա իշխանությունները մոռացել են, որ հանրային տրանսպորտը մարդկանց համար է:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից տրանսպորտի սակագինը բարձրանալու է. մասնավորապես, գործելու են հետեւյալ սակագները.
1 օրվա տոմսի արժեքն է 900 դրամ ,
7 օրը՝ 5000 դրամ,
ամսական տոմսը՝ 9 000 դրամ,
90 օրվա տոմսը՝ 24 000 դրամ,
365 օրը՝ 90 000 դրամ։