Ես կարող եմ միայն դադարեցնել պատերազմները. Թր...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ի հետ զրույցում հայտնել է, որ չի ձգտում Խաղաղության Նոբելյան մրցանակի:

«Ես այդ մասին ոչինչ չունեմ ասելու։ Ես կարող եմ միայն դադարեցնել պատերազմները։ Ես ուշադրության չեմ ձգտում։ Ես պարզապես ցանկանում եմ կյանքեր փրկել», - ասել է նա տվյալ թեմային անդրադառնալիս։

Թրամփը նշել է, որ երբեմն կողմերն այնքան երկար են միմյանց հետ պատերազմում, որ նույնիսկ «խաղաղության տեսանկյունից չեն մտածում»։

«Դա դառնում է կենսակերպ։ Եվ երբ ես նրանց հավաքում եմ նույն սենյակում, ես կարողանում եմ համոզել նրանց», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։ 

CBS News-ը հիշեցնում է, որ վերջին շաբաթներին Թրամփը հայտարարել է, որ իրեն պետք է վերագրեն մի քանի պատերազմների ավարտը, և որ իր ջանքերի համար ինքն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Սպիտակ տան պաշտոնյաները նշել են, որ Թրամփը նկատի ունի Հայաստանի և Ադրբեջանի, Իրանի և Իսրայելի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Թաիլանդի և Կամբոջայի, Հնդկաստանի և Պակիստանի, Եգիպտոսի և Եթովպիայի ու Կոսովոյի և Սերբիայի միջև հակամարտությունները։ 

2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերին։