էս ի՞նչ է կատարվում ղազախական ցորենի հետ. «Оп...

էս ի՞նչ է կատարվում ղազախական ցորենի հետ. ոնց որ «Операция «Ы» и другие приключения Шурика»-ի սցենարիստները գրած լինեն, ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի՝ ղազախական ցորենի թեմային վերաբերող հարցին:

«Ուրեմն, ցանկացած ցորեն շուկայական ապրանք է: Կա հազար ու մի ապրանք. ինքը ունի գին և ունի լոգիստիկա: Հիմա նոր ճանապարհով իքս ապրանքը Ա կետից եկել հասել է Բ կետ: Նախ այդ գնումն իրականացրել է մասնավորը իր կարիքների համար, Կառավարությունը չի իրականացրել: Կառավարության բանակցությունների արդյունքում ճանապարհ է բացվել, բերվել է այդ ճանապարհով: Այսինքն՝ սա ի՞նչ թեմա է, որ չգիտեմ՝ վեցերորդ սորտի է, ութերորդ սորտի է, ուզում է 1260-րդ սորտի լինի: Մարդ է, գնացել է, ինքն իր փողը տվել է, դա բյուջեի փող չի, գնացել է, ապրանք է առել բերել է, պետք է բերեր ուրիշ դժվար ճանապարհով, բերել է ուրիշ ճանապարհով: Ինչո՞ւմն է պրոբլեմը, ուզում եմ հասկանալ»,- նշեց նա:

Անդրադառնալով ՌԴ-ից ներմուծվող ցորենից հրաժարվելու վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ասաց. «Կարող եմ ասել, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց, պաշտոնապես ասում եմ, բայց Հայաստանը երբեք չի հրաժարվի տեսնելուց, թե շուկայում է՞լ ինչ կա, էլ ո՞վ է ցորեն վաճառում, կա՞ առաջարկ: Ես ձեզ երաշխավորում եմ, որ բացառված է՝ մեկը գա մեզ ասի՝ ցորեն ունենք, կարո՞ղ է առնեք, մենք ականջներս փակենք, որ վազելով փախչենք այդտեղից:

Ես չեմ ուզում թաքցնել՝ առաջարկներ կան: Երբ տեսել են, որ մենք Ղազախստանից ձեռք ենք բերել, ուրիշ վաճառողներ ասում են՝ կարո՞ղ է ձեզ հետաքրքիր է թեման: Մենք էլ ասում ենք՝ գինը ասեք, գինը հետաքրքի՞ր կլինի՝ հետաքրքիր կլինի: Հետաքրքիր չլինի, կասենք՝ հետաքրքիր չէ: Ցորեն առնելը ամուսնությո՞ւն է: Այդ ռեժիմը ես չեմ հասկանում. տե՞ր ես, որդյակս, հնազա՞նդ ես: Տենց հարաբերություն չկա, նույնիսկ Եզրասի օրհնությամբ տենց հարաբերության մեջ չենք մտել: Ինչո՞ւմն է պրոբլեմը, ես չեմ կարողանում հասկանալ»: