Երուսաղեմում օրթոդոքսները բողոքներ են կազմակե...

Ուլտրաօրթոդոքս հրեաների խումբը հունիսի 30-ի երեկոյան փողոցային բողոքներ է կազմակերպել Երուսաղեմում՝ ընդվզելով իսրայելական բանակ հուդայական կրոնական ուսումնարանների ուսանողների՝ եշիվների հնարավոր զորակոչի դեմ։

Ինչպես տեղեկացրել է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը, ձերբակալվել է ցույցի հինգ մասնակից, նրանցից երկուսը՝ ոստիկանների վրա հարձակվելու, երեքը՝ քարեր նետելու պատճառով։ Անկարգությունների ընթացքում տուժել է իրավակարգի մի քանի պահապան, այդ թվում ոստիկանության մեկ աշխատակցուհի գլխի թեթեւ վիրավորում է ստացել, վնասվել է մեկ ոստիկանի ոտքը։

The Times of Israel պարբերականի տեղեկացմամբ՝ բողոքի ցույցը Երուսաղեմում տեղի է ունեցել Մեա-Շեարիմ կրոնական թաղամասում եւ հավաքել է տասնյակ հազարավոր մասնակիցների։ Մթության մեջ ամբոխն սկսել է երթը դեպի քաղաքի կենտրոն, ինչն ուղեկցվել է հանրային կարգի խախտումներով։ Նրանք խարույկներ են վառել եւ ոստիկանության վրա քարեր նետել, իրավապահները կիրառել են ջրցաններ եւ հեծելազորային ոստիկանություն։

Բողոքի ցույցի առիթ է ծառայել Իսրայելի գերագույն դատարանի որոշումը, որը հունիսի 25-ին որոշել է, որ եշիվները պետք է զորակոչվեն բանակ երկրի մյուս բոլոր քաղաքացիների նման։ Դատարանն արգելել է ֆինանսավորել կրոնական այն ուսումնական հաստատությունները, որոնց ուսանողները զինծառայության չեն մեկնի։