Երկու պատճառ կա, որ Նիկոլ Փաշինյանը չի եկել Սարդարապատ. Մեկը, որ հասկացել է, որ սա իր տեղը չի, երկրորդը, միգուցե դրսից են ասել, որ չես գնալու: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:
«Մինչեւ հիմա, ինչ որ տեղի է ունեցել տարբեր հարցերի շուրջ, դրսից թելադրանք չի եղե՞լ, ենթադրում ենք, որ եղել է: Նույն տրամաբանությանմեջ է, երեւի: Բայց ինչ էլ ես ասեմ, ամբողջական ճշմարտություն չէ»,-ասաց նա:
Սրբազանի խոսքով, ամեն խաղաղություն խաղաղություն չէ. «Դա մուրացկանություն է, եւ որեւէ խաղաղություն ավելին չէ, քան ազգի պատիվը եւ հաղթանակները: Առանց հաղթանակների խաղաղություն չկա»:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավարելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։



