Երջանիկ պատահականությամբ մարդ չի զոհվել. Դանի...

«Սուտ է, ես ձեզ կարող եմ ապացուցել, որ ադրբեջանցիները կրակում են»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանն ու այդ մասին լրագրողի հարցին: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ գործընկեր Գեղամ Մանուկյանի հետ ամռանը եղել ենք Սյունիքի մարզի սահմանապահ գյուղերում, մտել ենք այն տները, որտեղ թիրախային կրակոցներ են եղել և երջանիկ պատահականությամբ մարդ չի զոհվել։ Դա թիրախային է եղել, ոչ թե օդում կրակել են. եթե փամփուշտը մտել է մարդու տուն, դա ի՞նչ է նշանակում, ոչ թիրախային կրակոցնե՞ր են»,- նշեց Դանիելյանը։ «Դա մի քանի ամիս առաջ է եղել ընդամենը և, ասել, որ խաղաղությունը հաստատված է, Ադրբեջանը գնում է այդ խաղաղության գործընթացին, կներեք, լուրջ չէ։ Նույն կրակոցները առնվազն օգոստոսին Տավուշի մարզում են եղել, այսինքն՝ դա ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում․․․ Լավ եթե կառավարության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ 3 ամիս թշնամին չի կրակել, ի՞նչ ասեմ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը: