Երևանում գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկա...

Երևանի քաղաքապետարանի հաղորդման հիման վրա՝  գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

«Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ գերեզմանատներում որոշ անձանց կողմից պղծվում են գերեզմանաքարերը:

Շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաև համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն, որտեղ նյութեր են նախապատրաստվում», - ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ֆեյսբուքյան օգտատեր Մերուժ Գասպարյանը տեսանյութ էր տարածել Եռաբլուրից, որտեղ հանգչած հերոսների գերեզմանները պղծվել են։

Տեսանյութը նկարահանված է Ապրիլյան պատերազմի զոհերի գերեզմանների հատվածում և դրանում երևում է, որ շիրմաքարերի վրա սև ներկ հիշեցնող նյութ է լցված։