Երևանում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel...

Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդի տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների, մահացածի և հիվանդանոցներ տեղափոխվածների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։