Երևանում ավելի քան 1000 բաժանորդ կոյուղին թափ...

Ունենք 1000-ից ավել բաժանորդներ, որոնք իրենց կոյուղին այսօր ուղիղ թափում են Հրազդան գետը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար ՍԻրափի Հայկազյանը՝ ներկայացնելով Հրազդան գետի երկայնքով ապօրինի ջրահեռացումը կանխելու նպատակով Կոյուղու կոլեկտորի նախագծման աշխատանքները։

«Մենք հայտարարել էինք մրցույթ ուսումնասիրելու Հրազդան Կիրճի երկայնքով նախկինում իրականացված նախագծի իրագործելիությունը։ Նախկինում արդեն իսկ կատարվել էին թունելային ինչ-որ փորման աշխատանքներ, բայց ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ դրանք վթարային են։

Կոլեկտորից բացի անհրաժեշտ էր լինելու, որ այս հազարից ավել բաժանորդները հասցեական միացված լինեին կոլեկտորին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան որոշակի բարդություններ՝ կապված ռելիեֆի, բաժանորդների միացման ու սպասարկման հետ, որպես այլընտրանքային տարբերակ ներկայացվել է նաև նախագծողի կողմից տեղային մաքրման կայանների լուծումը։

Ոոշվեց, որ առավել հարմար է առաջ ընթանալ տեղային կայանների տարբերակով, որը թե ֆինանսական բեռի, թե բնապահպանական տեսանկյունից շատ ավելի իրատեսական  և ցանկալի է։

Կայանների տարբերակում կարողանում ենք փուլային կերպով իրականացնել այս աշխատանքները և մոտավորապես երկու տարվա մեջ ամբողջապես իրականացնել կոյուղու արտանետման կանխարգելումը դեպի Հրազդան գետ, նաև հաշվի առնելով, որ Հրազդանի Կիրճի բնապահպանական հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի վրա ենք աշխատում»,–ասաց նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ֆինանսական ի՞նչ գնահատականի մասին է խոսքը, ինչին Հայկազյանը պատասխանեց, որ կոյուղու կոլեկտորի արժեքը մոտ 7 միլիարդ է, իսկ կայանների դեպքում՝ 2 մլիարդից մի փոքր ավելի։

Ավինյանը համաձայնեց, որ այդ դեպքում ճիշտ է գնալ երկրորդ տարբերակով։

«Մենք Միայն այս ծրագրով չի, որ սկսել ենք։ Մենք երկու աղբաորսիչ կայան ենք կառուցել Հրազդան գետի վրա, և մեկ ջրի մաքրման կայան ենք կառուցել Գետառի վրա, երեք փուլերով, որ իրականացնում է մաքրում։ Այնտեղ ունենք խնդիր, ոնց որ թե աղբաորսիչ կայանից մաքրման հետ կապված, պետք է քննարկենք ԵԱՍՄ-ի և կանաչապատման գործընկերների հետ, ով ունի ավելի համապատասխան տեխնիկա և դա տեղափոխենք, ենթադրաբար, դա ԵԱՍՄ-ի վրա»,–ասաց Ավինյանը։

ԵԱՍՄ ՀՈԱԿի ղեկավար Սաշա Կատվալյանը նշեց. «Մենք համաձայն ենք, որ մաքրված աղբը տեղադրվի կոնտեյներների մեջ, դա մենք տանենք, բայց մնացած մաքրման պրոցեսը մեր համար խնդիր է առաջացնելու»։

Իսկ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն էլ ասաց. «Մաքրելու հարցով խնդիր չկա, ուղղակի մեքենաները չեն կարողանում մոտենալ, աղբը վերցնել։ Մենք կսպասարկենք, ԵԱՍՄ–ն էլ կտանի աղբը»։