Երևանն աղբի մեջ պահելու ակցիան «Սանիթեքի» քաղ...

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Երևանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչների այսօրվա հայտարարություններին ու ֆեյսբուքյան իր էջում գրել.

««Սանիթեքի» այսօրվա տխմար ասուլիսը, այնուամենայնիվ, հայ քաղաքական իսթեբլիշմենթ ներմուծեց «քաղաքականացված աղբ» եզրույթը։ Իհարկե, «Սանիթեքի» գուրուների «պարզաբանումներից» այդպես էլ չհասկացանք՝ իրենք Երևանի աղբը չեն հավաքում, քանզի ենթարկվում են քաղաքական հետապնդմա՞ն, թե՞ քանի որ «Սանիթեքի» սեփականատերը, փաստորեն, այլևս քաղաքական դեսիդենտ է, Երեւանը աղբի մեջ պահելու ակցիան «Սանիթեքի» քաղաքական ապտակն է քաղաքապետ Մարությանին։

Անկեղծ ասած՝ ինձ, որպես Երեւանի բնակիչ, առանձնապես չեն հետաքրքրում «քաղաքական հալածյալ» «Սանիթեքի» և քաղաքապետարանի միջանձնային և մերձանձնային հարաբերությունները։ Երևանցին անգամ չպիտի էլ իմանար՝ ո՞վ է իրականացնում քաղաքի աղբահանությունը՝ «Սանիթե՞քը», թե՞ Ալֆրեդը։

Երևանի ավագանու ընտրություններում երևանցին «ուռա» գոռալով ընտրեց կոնկրետ քաղաքական ուժի, որն էլ պարտավոր է ապահովել քաղաքի մաքրությունը ու վերջ։ Ի վերջո, «Սանիթեքի» հետ պայմանագրային հարաբերություններ պարզելը դարի գործարքը չէ, որը ոչ մի կերպ չի լուծվում։ Ասեմ, որ շատ բան պետք չէ անել՝ ընդամենը գրագետ մենեջմենթ ու Երևանը դանդաղ և սահուն դուրս կգա աղբի տակից։

Ինչ վերաբերում է «քաղհալածյալ» «Սանիթեքին», մի պարապ օր նոր «Արխիպելագ Գուլագ» կգրեմ «քաղաքական այդ աննախադեպ հալածանքների մասին»»: