Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի աշխատանքի բարելավման շրջանակներում ձեռք կբերի 250 նոր էլեկտրական ավտոբուս։
Այս մասին ընդգծվեց քաղաքապետարանի գործակարգավարական նիստում:
«18 մետրանոց 250 նոր էլեկտրոավտոբուսների գնումը մեր շարժակազմի ամբողջական և վերջնական համալրման ռազմավարական ծրագրի վերջնական փուլն է: Դրանից հետո միայն թարմացման խնդիր կունենանք: 18 մետրանոց այս ավտոբուսներն են միայն, որ հիմա պակասում են։ Դրանք պետք է գան փոխարինելու HIGER մակնիշի ավտոբուսներին և «ԳԱԶԵԼ Սիթի» միկրոավտոբուսներին, որոնք պարբերաբար տեխնիկական խնդիրներ են ունենում»,-ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ավինյանն ընդգծեց՝ սրանով ոչ միայն լուծում են հանրային տրանսպորտի՝ շարժակազմի հարցը, այլ նաև որոշակիորեն լուծում են օդի աղտոտվածության խնդիր: 250 էլեկտրական ավտոբուսները 0 ազդեցություն են ունենալու օդի որակի վրա:
Քաղաքապետին զեկուցեցին, որ ծրագրի ամբողջական ֆինանսական փաթեթը կազմում է մոտ 98 մլրդ դրամ: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել միջազգային վարկային ֆինանսավորմամբ:



