Երևանի փրկարարական վարչությունը նոր պետ ունի

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որը վարել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։  

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ աշխատանքները՝ հանձնարարականների կատարման, առաջացած հարցերի, ձեռնարկված միջոցառումների, դեպքերի սպասարկման և հրշեջ-փրկարարական տեխնիկայի, գույք սարքավորումների վերազինման վերաբերյալ հարցեր: 

Երևան քաղաքի փրկարարական վարչության ղեկավար կազմը և հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները հանդես են եկել զեկույցներով, որից հետո Կամո Ցուցուլյանը մատնանշել է ծառայության ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները, տվել մի շարք հանձնարարականներ՝ կատարողական և աշխատանքային կարգապահության արդյունավետության բարձրացման առնչությամբ՝ բացառելով խախտումները։   

Ծառայության տնօրենն անձնակազմին է ներկայացրել Երևան քաղաքի փրկարարական վարչության նորանշանակ պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանին: Վերջինս նշանակվել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով՝ փոխադրման կարգով՝ ազատվելով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի պաշտոնից։ 

Կամո Ցուցուլյանը վստահություն է հայտնել, որ Գևորգ Գալստյանն իր գիտելիքներով և բազմամյա փորձով կնպաստի վարչության հետագա զարգացմանը՝ ապահովելով թափանցիկություն, արդյունավետություն և աշխատանքային բարձր կարգապահություն։
 
Փրկարար ծառայության տնօրենն իր խոսքում շեշտել է, որ անհրաժեշտ է շարունակել ձևավորել գործընկերային, առողջ և պատասխանատու աշխատանքային միջավայր՝ համատեղ լուծելով համակարգի առջև ծառացած խնդիրները, որպեսզի հասարակության վստահությունը Փրկարար ծառայության նկատմամբ էլ ավելի ամրապնդվի: 

Հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով անձնակազմին իրականացրած աշխատանքի համար՝ Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ բարձր կարգապահությունն ու միասնական թիմային աշխատանքը մշտապես մնալու են համակարգի առաջնահերթություններից: