Երևան քաղաքում 2026 թվականին կկառուցվի ևս 7.5...

Երևան քաղաքում 2026 թվականին կկառուցվի ևս 7.5 կմ գազամատակարարման նոր ցանց, ինչպես նաև նոր գազաբաշխիչ կայան: 

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«2025-ի համար հաստատվել էր Երևան քաղաքում արևելյան և հարավային հատվածներում գազամատակարարման նոր ցանցի կառուցման ծրագիրը: Այն ընդգրկում էր 12 փողոց, 3 վարչական շրջան՝ Նոր Նորք, Նոր Մարաշ, Էրեբունի և մասամբ Նուբարաշեն՝ ընդհանուր 24.7 կմ: Այս պահի դրությամբ աշխատանքներն ավարտված են 9 փողոցներում՝ 17.1 կմ երկարությամբ: Վերջին աշխատանքներն են իրականացվում Վարդաշենում»,-ասաց Արեյանը:

Ծրագիրը կունենա շարունակություն 2026 թվականին՝ 7.5 կմ՝ ներառյալ Նոր Խարբերդ թաղամասը, որն ընդգրկում է 3 փողոց՝ Խաչիկ Դաշտենց, Նուբարաշենի խճուղին՝ ամբողջ երկարությամբ և Գուրգեն Մահարի:

«Ամենակարևորը՝ 2026-ին մայրաքաղաքում կառուցվելու է նոր գազաբաշխիչ կայան, ինչը քաղաքը չի ունեցել երբևէ՝ բացի առկա այն արտաքաղաքային 3 գազաբաշխիչ կայաններից՝ 1-ը՝ Նուբարաշենում»,-նշեց քաղաքապետի խորհրդականը:

Անդրադառնալով նոր ցանցին՝ նա ընդգծեց, որ, ըստ էության, 24.7 կմ-ից 7.5 կմ-ն է մնում  2026-ին: Արեյանը նշեց՝ ծրագիրը հաստատվել է Տիգրան Ավինյանի անմիջական նախաձեռնությամբ 2023-ի վերջին, երբ մայրաքաղաքի առաջ ծանրագույն խնդիր է ծառացել: «Նորակառույց բազմաբնակարան շենքերը տագնապի մեջ էին, չունեին բավարար գազի մատակարարման քանակ: Նույն խնդրի առաջ էր կանգնած նաև «Գազպրոմ»-ը»»,-ասաց Արեյանը:

Ծրագիրը մեկնարկել է 2023-ի տարեվերջից: Նա իրականացրեց 2024-ին իրականացված աշխատանքները: «Եվ այս ծրագրի արդյունքում մենք արդեն 57.1 կմ ծավալի նոր կառուցված գազի մատակարարման ցանց ունենք քաղաքում: Այն տագնապը, որ նորակառույց բազմաբնակարան շենքերը կարող են կանգնել խնդրի առջև, վերացված է,-ասաց քաղաքապետի խորհրդականը՝ հավելելով, որ սա մայրաքաղաքում ամենահաջողված կենսաապահովման ծրագրերից մեկն է:

2026-ին ծրագիրը կավարտվի: