Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Ստեփանյանը և Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան եթերում ցուցադրել են, թե ինչպես է քաղաքապետարանը՝ Սեբաստիա փողոցի՝ նախորդ տարվա նորմալ վիճակում գտնվող տոնական զարդարանքները, որպես աղբ թափել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող չգործող «Վերոնիկա» մանկապարտեզի բակում: Դեկորցիաներ, լույսեր, երկաթյա կոնստրուկցիաներ, որոնք նախորդ տարի զարդարել են վարչական շրջանի փողոցները, այս տարի թափված են լքված մանկապարտեզի բակում, արձանագրում են ավագանու անդամները: «Մենք ցույց տվեցինք միլիոնավոր դրամների պետական գույք, որը բերել, շպրտել են այստեղ: Այնքան շատ է, որ մի քանի վարչական շրջան կզարդարեր: Հունվարի 1-ից թանկացնում են տրանսպորտը` հիմնավորելով, թե գումար չկա, չեն կարողանում սուբսիդավորել, որպեսզի մարդիկ շարունակեն 100 դրամով օգտվել: Կարող էին 550 մլն դրամ այս տարի չմսխել, անցյալ տարվա գեղեցիկ զարդարանքը օգտագործել ու այդ գումարը ուղղել տրանսպորտի չթանկացմանը»,- ասում է Գևորգ Ստեփանյանը` հավելելով, որ Երևանի բյուջեն նման կերպ երբեք չի մսխվել:



