
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է նախաքննությունը և դատարան է ուղարկել գործը, որը հարուցվել էր ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկների գործունեության վերաբերյալ։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ նախաքննությամբ պարզվել է, որ պարեկներից մեկը, 2024-2025 թվականների ընթացքում, աշխատանքի դրական ցուցանիշ ապահովելու նպատակով կազմել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 23 կեղծ արձանագրություն։
Բացի այդ, նույն գումարտակի ևս երկու պարեկ, նույն նպատակի համար, 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին և 2025-ի ապրիլին կազմել են ընդհանուր 14 կեղծ արձանագրություն, որոնք անմիջապես ներառվել են բազայում։
Նշված երեք պարեկներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Գործն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Ծանուցում․ Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։