«Երեխեքին դու ես վառել»․ կացարանում այրված զի...

Ես չէի ցանկանա, որ այսպիսի դժբախտություն լիներ, եթե իմանայի, որ դուրս չի եկել անձնակազմը, կյանքում երբեք դուրս չէի գա այդ տնից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստի ժամանակ նշեց ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը:

«Ես որ կանգնած ճաղավանդակից գոռացել եմ,  ես գիտեի, որ պիտի դուրս գա այդ անձնակազմը, ես սպասում եմ, որ պիտի դուրս գան։ Ես ընդամենը ուզեցել եմ վառարանը վառել, որ անձնակազմը տաքանա: Թե ինչի անձնակազմը չի զարթնել կամ ինչի գիտակցության չի եկել, ինձ համար էլ անորոշ, ես էլ եմ ուզում իմանամ, որովհետև ծառայողների մահը իմ խեղճի վրա է»,-ասաց նա:

Եղիշե Հակոբյանն ասաց, որ իր ձեռքից ընկել է բենզինով լի տարան եւ բենզինը լցվել է դռան վրա:

Այրված զինծառայողների մեկի հոր հարցին՝ հնարավո՞ր է, որ Ռադիկը նետած լինի կանիստը դռան ուղղությամբ, նա պատասխանեց, որ նման բանից տեղյակ չէ, չի ուզում գնահատական տալ: Նա նշեց, որ եթե այն պահին, երբ բոցը բռնկվել է, արագ հանգցնեին, երեւի թե տղաները ողջ կմնային:

«Ուրեմն երեխեքին դու ես վառել»,- ասաց հայրը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։