Ընդմիջման ժամով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստն ընդմիջվել էր, այն վերսկսվեց ժամը 14:00-ին։ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ թեկնածուների առաջադրման գործընթացը դեռևս չի մեկնարկել։
Շաթիրյանի խոսքով՝ այսօր նիստին կրկին քննարկման առարկա է դարձել լրատվամիջոցներին ՍԴ այս նիստը լուսաբանելու թույլտվություն տրամադրելու հարցը, ինչի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, դեռևս վերջնական որոշում չկա.
«Կարծես մոտենում ենք հարցի քննարկման ավարտական փուլին, ինչ արդյունք կլինի, չեմ կարող ասել»:
Ըստ Շաթիրյանի՝ ամենայն հավանականությամբ լրատվամիջոցների լուսաբանման հարցը քննարկելուց հետո անցում կկատարեն նախագահի ընտրության հարցին։ Դիտարկմանը, թե արդեն իսկ տեղեկություն կար, որ հիմնական պայքարը Երվանդ Խունդկարյանի և Արման Դիլանյանի միջև է ընթանում, Էդգար Շաթիրյանը հորդորեց խնդիրը չանձնավորել:



