Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի հետ քննարկել Մերձավոր Արևելքի զարգացումները, մասնավորապես Իսրայելի հետ կապված հարցերը:
Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարայի և Վաշինգտոնի համագործակցության միջոցով կարելի է հաղթահարել բազմաթիվ գլոբալ մարտահրավերներ, այդ թվում՝ Պաղեստինի հարցը և ռուս-ուկրաինական ճգնաժամը։
Էրդողանը նաև խոսել է Թրամփի հետ «անկեղծ հանդիպման» մասին, որի ընթացքում քննարկվել են ԱՄՆ ընտրական գործընթացը և Անկարայի և Վաշինգտոնի համագործակցությունը։
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները՝ Էրդողանն ընդգծել է, որ «Թրամփը չափազանց հաջող անցավ փորձությունը, չհանձնվեց և ի վերջո հաղթեց ընտրություններում»։
«Մենք աշխատել ենք Թրամփի հետ նրա նախորդ նախագահության ժամանակ։ Չնայած երբեմն-երբեմն տարաձայնություններին՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի գործընկերության մոդելն անհերքելի է»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Իսրայելի գործողությունների հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Նա ընդգծել է, որ Պաղեստինում և Լիբանանում Իսրայելի ագրեսիան դադարեցնելու համար Դոնալդ Թրամփը պետք է առաջին հերթին վերջ դնի Թել Ավիվին զենքի մատակարարմանը։ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Սպիտակ տան նոր ղեկավարը կկատարի Իսրայելի կողմից սանձազերծած հակամարտությունը դադարեցնելու իր խոստումը։ ԱՄՆ նորընտիր նախագահի հետ Մերձավոր Արևելքում զարգացումները քննարկելու մտադրության մասին Էրդողանը հայտնել է հեռախոսազրույցի ժամանակ։ Նա հույս է հայտնել, որ Թրամփի նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն և կայունություն։
Էրդողանը նշել է, որ Վաշինգտոնի կողմից Բայդենի վարչակազմի քաղաքականության շարունակությունը կհանգեցնի Մերձավոր Արևելքում անկայունության խորացմանը և հակամարտությունների տարածմանը։
Էրդողանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը լուրջ ազդեցություն կունենա Մերձավոր Արեւելքում քաղաքական և ռազմական հավասարակշռության վրա։
Խոսելով Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության մասին՝ նա նշել է. «եթե Թրամփի վարչակազմը ռուս-ուկրաինական հակամարտությանը մոտենա կարգավորման տեսանկյունից, ապա հնարավոր կլինի հեշտությամբ վերջ տալ այս պատերազմին»։