Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որպես պատվավոր հյուր կմասնակցի «Ապագայի կառավարությունների ձևավորումը» թեմայով Համաշխարհային կառավարական գագաթնաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 13-ին Դուբայում, իսկ փետրվարի 14-ին կմեկնի Կահիրե։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ֆորումին կմասնակցեն տարբեր երկրների պետական և կառավարական կառույցների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, գիտական և գործարար համայնքների, քաղաքացիական հասարակության, վերլուծական կենտրոնների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Սպասվում է, որ գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի ղեկավարը երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների իր գործընկերների հետ։
Նախատեսվում է Էրդողանի բանակցությունները ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ։
Փետրվարի 14-ին Թուրքիայի նախագահը կմեկնի Կահիրե, որտեղ կայանալիք բանակցություններում կքննարկվեն Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունների զարգացման և բարձր մակարդակի երկկողմ համագործակցության մեխանիզմների ակտիվացման համատեքստում ձեռնարկվելիք քայլերը:
Քննարկման առարկա կդառնան նաև գլոբալ և տարածաշրջանային իրավիճակի և քաղաքականությանը վերաբերող հարցեր, ներառյալ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները: