Լճաշեն գյուղի տարածքում իրականացվել է ապօրինի...

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք Լճաշեն գյուղի տարածքում իրականացնում են ապօրինի հանքարդյունահանում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Տեղեկությունը ստուգելիս պարզվել է, որ տևական ժամանակ, առանց հատուկ թույլտվության, համայնքապետարանից վարձակալած հողատարածքում իրականացվել է ձեռնարկատիրական գործունեություն՝ արդյունահանած զանգվածը հատուկ սարքերով տեսակավորել և օգտագործել են իրենց ընկերության շինարարական աշխատանքների ընթացքում։
 
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, երեք անձ ձերբակալվել է։ Ըստ նախնական տվյալների՝ ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը և շրջակա միջավայրին պատճառվել է խոշոր չափերի վնաս։ Նախաքննությունը շարունակվում է։