Էրդողանը եւ Նեթանյահուն հանդիպել են Նյու Յորք...

Նյու Յորքում, ՄԱԿ ԳՎ շրջանակում տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Թուրքիայի նախագահի Հաղորդակցությունների վարչության տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետ կապված վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հարցեր։

Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարող է համատեղ գործունեություն վարել Իսրայելի հետ էներգետիկայի, տեխնոլոգիաների, նորարարությունների, արհեստական բանականության եւ կիբեռանվտանգության ոլորտներում։ Նրա խոսքով՝ կողմերը պետք է միասին աշխատեն հանուն խաղաղության։

«Մեր կապերն ավելի ամուր են դառնում»,- ասել է Նեթանյահուն Էրդողանին հանդիպման սկզբում, տեղեկացրել է Jpost-ը։

Ղեկավարները քննարկել են Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների կարգավորան համաձայնագրի կնքումը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային այլ հարցեր։

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Էրդողանին երկու երկրների անվտանգության ծառայությունների միջեւ համագործակցության, այդ թվում «իսրայելցիներին Ստամբուլում գրոհի ենթարկելու Իրանի փորձերի կանխման» համար։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են առաջիկայում պաշտոնական այցեր կազմակերպել Իսրայել եւ Թուրքիա։