Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից...

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել եվրոդիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ։

Աբբաս Արաղչիի և Կայա Կալլասի զրույցի թեման եղել է Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը։ Կողմերն ընդգծել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների անհրաժեշտությունը։

Արաղչին Եվրոմիությանը և Միավորված ազգերի կազմակերպությանը կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական առևտրային նավին հասցված հարվածին։

Աբբաս Արաղչին պահանջել է պատասխանատվության ենթարկել հարձակման մեղավորներին և նրանց, ովքեր աջակցում են հարվածին։ Նա նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրոմիությունը և միջազգային հանրությունը պետք է վճռական պատասխան տան։

Հուլիսի 25-ին Իրանը Ուկրաինային մեղադրել է Կասպից ծովում իրանական նավին հարված հասցնելու մեջ։ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ տուժել։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բողոքի նոտա է հանձնել նաև Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին։